«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Ֆրանսիան
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հաղթեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով:
Ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր մասնակիցների ելույթների նախնական տարբերակները:
Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում՝ բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:
Հայաստանի պատվիրակ Նարեն Dance երգով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:
Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 5 միավոր ստացավ Ալբանիայից, 10 միավոր՝ Իռլանդիայից, 12 միավոր՝ Իսպանիայից, 2՝ Լեհաստանից, 12՝ Հյուսիսային Մակեդոնիայից, 12 միավոր՝ Ղազախստանից, 4 միավոր՝ Մալթայից, 5՝ Նիդեռլանդներից, 7 միավոր՝ Պորտուգալիայից, 8՝ Սերբիայից, 8 միավոր՝ Ուկրաինայից, 8՝ Միացյալ Թագավորությունից, 5 միավոր՝ Վրաստանից և 12 միավոր՝ Ֆրանսիայից:
Նարեն ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 110 միավոր:
Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին:
Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Նարեն վաստակեց 70 միավոր:
Հայաստանում մրցույթի պաշտոնական հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունն է:
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին անցկացվեց Հայաստանում: 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» մասնակցեցին 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց միավորեց «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: