Բաժիններ՝

Ադրբեջանցիների գործողությունները համաձայնեցված չեն եղել Արցախի իշխանությունների հետ. պատգամավորը` Կաշենի միջադեպի մասին. News.am

Ադրբեջանցիների երեկվա գործողությունները համաձայնեցված չեն եղել Արցախի իշխանությունների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Դա բացարձակ անհարգալից վերաբերմունք է Արցախի իշխանությունների նկատմամբ, ամեն դեպքում դա չի արդարացնում իշխանություներին, ուժային կառույցներին, թե ինչպես արբեջանցիները այդքան կարող էին գնալ, փորձել հանք մուտք գործել եւ բնակիչը կարողանա կանգնեցնել նրանց, իսկ ուժային կառույցները չփորձեին խոչընդոտել, քանի որ դա խաղաղ բնակիչների անելիքը չէր: Թե ինչու մինչեւ հանք հասնելը չի կանխվել ադրբեջանցիների տեղաշարժը էլի իշխանությունների բացթողումն է, որը հուսով եմ` շտկված է, կամ շտկվում է»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` Արցախը նման հարցերում լրիվ մենակ է մնացել, ինչը վառ կերպով ցուցադրեց երեկվա միջադեպը:

«Մենք շատ լավ ենք ճանաչում թշնամուն, եթե իրենք մի բան պլանավորել են, փորձում են ամեն գնով հասնել դրան եւ երբեմն դժվար է լինում խափանել, որովհետեւ խնդիրները բազում են եւ Արցախը կարծես թե նման հարցերում մենակ է մնացել, չհաշված ռուս խաղաղապահների գործոնը, որը հնարավորություն է տալիս նրանց միջնորդությամբ ինչ-որ հարցեր կարգավորել: Այս բոլոր միջադեպերը մեզ համար սպասելի էին, սկսած միջանցքը փակելուց մինչեւ այն, ինչ երեկ տեղի ունեցավ»,-ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ նման այցերը պետք է բացառվեն, քանի որ նման բան նաեւ եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ. «Մնում է ենթադրել, որ սա հերթական բանավոր պայմանավորվածությունների արդյունքն է, որից Արցախի իշխանությունները դուրս են մնացել, եւ իրենց համար եւս անակնկալ է եղել սա, չնայած էլի չեմ արդարացնում, քանի որ պետք է կանխատեսել նման դեպքերը: Պետք է պատրաստ լինել ամեն ինչին, քանի որ հնարավոր է թշնամին այցին զուգահեռ սադրանքների դիմի, կամ այլ բաներ պահանջի: Մարդիկ գիտակցում են, որ իրենց կամաց-կամաց համատեղ կեցության են տանում, որին որեւէ արցախցի պատրաստ չէ գնալու եւ միանշանակ չի գնալու»:

Պատգամավորը հույս հայտնեց, որ Արցախի իշխանությունեները հանդես կգան համապատասխան հայտարարությունով կապված կատարվածի հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանցիները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ փորձել են դիտարկում անցկացնել Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն եւ Կաշենի հանքավայրերում: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այցելությունը խոչընդոտել են հանքավայրի աշխատակիցներն ու հարակից համայնքների բնակիչները, ովքեր փակել են ադրբեջանցիների ճանապարհը դեպի հանք: Դեպքի վայր են ժամանել Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, որոնք բանակցել են կողմերի հետ եւ որոշել դադարեցնել շրջայցը, այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս