Սթրեսներ ենք տանում, սահմանում կատարվողը մեզ մտահոգում է, իշխանության աշխատանքը գոհացուցիչ չի․ հարցում Վանաձորում
168.am-ն օրերս Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում էր: Շրջեցինք կենտրոնական փողոցներով, զրուցեցինք բնակիչների հետ՝ պարզելու, թե ի՞նչ խնդիրներ, ի՞նչ մտահոգություններ ունեն։
Քաղաքացիներից շատերը հրաժարվում էին հենց տեսախցիկի առջև կարծիք հայտնել, իսկ կադրից դուրս անկեղծանում էին․ նրանց հուզող գլխավոր հարցը հայրենիքի սահմանների անվտանգությունն է։ Այլ հարցեր էլ կային՝ ավերված ճանապարհներից՝ մինչև առողջապահական համակարգում առկա խնդիրներ։
«Մենակ ճանապարներն են, դզեն, ուրիշ խնդիր չկա, ոնց որ սաղ լավ է։ Ճանապարհ չկա Վանաձորում, էդ ա»,- ասաց հարցված քաղաքացիներից մի տղամարդ։
Մեծահասակ մի կին էլ ասաց՝ խնդիրները բազմաթիվ են, և, որ դրանք միայն Վանաձորում չեն, այլ ամբողջ Հայաստանում։
«Ազիզ ջան, սաղ խնդիրներ են, սաղ, մենակ Վանաձորում չէ, ամբողջ Հայաստանում։ Առաջինը՝ էս ճանապարհները, երկրորդը, որ մի քիչ մեզ հետևեն՝ լավ կլինի»։
Հարցին՝ չե՞ն հետևում, մեծահասակ կինը պատասխանեց՝ ո՛չ։
Վանաձորցի կնոջը նաև հարցրեցինք, թե ինչպե՞ս է գնահատում իշխանությունների աշխատանքը, պատասխանեց․ «Թերի, շատ թերի»։
Հարցվածներից մի կին էլ ասաց, որ անհանգստացած է սահմանային իրավիճակով․
«Սահմանում կատարվող ամեն ինչը մեզ մտահոգում է, նույնիսկ սթրեսներ ենք տանում լուրեր լսելուց հետո։ Իշխանությունների աշխատանքը գոհացուցիչ չի․․․»։
Վանաձորի կենտրոնական փողոցում հանդիպեցինք մի տղամարդու, ով մեզ հետ զրույցում ասաց՝ օրվա ապրուստը տաքսի վարելով է աշխատում։ Քաղաքացուն անհանգստացնող խնդիրները շատ են, սակայն նա նշեց առաջնային լուծում պահանջողներից մեկը․
«Ես սովորական տաքսիստ եմ, ստեղ էլ այդքան գործ չկա։ Ինձ անհանգստացնում ա էն, որ Առողջապահությունը ժողովրդին լավ նայի, որ հասարակ մի կույրաղիքի օպերացիայի համար չտանեն, ասեն՝ փողը մուծի։ Որ հիվանդ մարդկանց տեր լինեն, կարգերը տան, այդքան բան»։
Քաղաքացիներից էլ մի կին, որը հարցվածներից միակն էր, որ գոհ էր իշխանությունների աշխատանքից, ասաց՝ հավատում է, որ ամեն ինչ լավ է լինելու։
Դիտարկմանը, որ խոսվում է հնարավոր խաղաղության պայմանագրի կնքման մասին, և Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր՝ ամեն ինչ անելու է, որ մինչև տարեվերջ կնքվի այդ պայմանագիրը, և հարցին՝ արդյոք հավատո՞ւմ է, որ խաղաղության պայմանագրով հնարավոր կլինի թշնամի Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել, վանաձորցի մի կին պատասխանեց․
«Դե, ես ոնց տեսնում եմ՝ մեր վարչապետը աշխարհի խաղացողներին առաջ է բերել, նրանց էլ է քաշել այս գործի մեջ, որ մարդիկ կարողանան աշխատեն։ Այսպես ասեմ՝ աշխատեցնում է, Նիկոլ Փաշինյանն աշխարհին բերել է աշխատանքի․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում