«Թուրքական քաղաքականության դեմ միացյալ պայքարն այլևս պատմական անհրաժեշտություն է». Կարեն Ճշմարիտյան

Էկոնոմիկային նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էում գրում է,․ «Ակնհայտ է, որ Հայ ժողովրդի 1000 ամյա հարևան-թշնամի երկիրը ձգտում է տարածաշրջանային սպառնալիքից վերածվել համաշխարհային սպառնալիքի։

Մասնավորապես, արդեն ձգտում են դառնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ։

Եթե Միջերկրական ծովի, Սև ծովի, Կասպից ծովի, Միջին արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում կան այլ երկրներ, որոնք երբեմն խնդիրներ են ունենում միմյանց հետ, իսկ մյուսների հետ պահպանում են առնվազն գործընկերային հարաբերություններ, ապա այդ երկրի պարագայում լրիվ այլ է։ Այն շատ տեսանելի (կոշտ ուժով), կամ թաքնված և անուղղակի («փափուկ ուժ»-ով) սպառնալիքներ է ստեղծում բացառապես բոլորի համար՝ անխտիր բոլորի։

Համոզված կարելի է պնդել, որ սրա մասին քաջատեղյակ են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք դեռևս դիվանագիտական ջերմ ժպիտով, գրկախառնվելով ու թևանցուկով են շփվում նրանց հետ։

Շատ պարզ հարց է ծագում. եթե տարածաշրջանի բոլոր երկրները, նաև՝ աշխարհի գերհզորներն իրոք անկեղծ ջանքեր են գործադրում (ըստ իրենց հայտարարությունների) երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու համար, բայց միևնույն ժամանակ համոզված են, որ տարածաշրջանային բոլոր խնդիրները, պատերազմներն ու խառնակչությունները հիմնականում ծագում են հենց այդ երկրից, ապա ինչու՞ են հապաղում, և վերջնականապես չեն լուծում այդ հարցը։

Չէ՞ որ կարելի է բոլորի ջանքերը համատեղել, և պարզապես զինաթափել այդ պետությունը: Չէ՞ որ միայն այդ դեպքում ողջ միջերկրածովյան, սևծովյան, միջինարևելյան, կովկասյան և նույնիսկ միջինասիական ու հյուսիս աֆրիկյան տարածքում լիակատար խաղաղ քաղաքական միջավայր կստեղծվի։ Անխտիր բոլոր երկրների, այդ թվում՝ նույն Թուրքիայի զարգացման համար նույնպես՝ կբացվեն շատ ավելի մեծ հեռանկարներ։

Մի պատասխան է մնում՝ չեն ցանկանում, առայժմ ձեռնտու չէ, որովհետև առկա են քաղաքական ու տնտեսական այսրոպեական շահեր։

Սակայն, համարյա աքսոմատիկ պնդում է այն, որ ցանկացած լարված հարաբերությունների պահպանումը երկարաժամկետ հեռանկարում ի վերջո լրջորեն խոչընդոտում է մնացած բոլոր ոլորտներում (առաջին հերթին՝ տնտեսական) հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը, իսկ դրան հետևում է աշխարհաքաղաքական առավել բարդ խնդիրների առաջացումը։ Հանգուցալուծումն այդ դեպքում լինում է շատ ավելի ցավոտ, կորստաբեր, արյունալի և ծախսատար։

Այնպես որ, աշխարհի հզորների առաջնորդությամբ և տարածաշրջանի պետությունների ակտիվ մասնակցությամբ թուրքական քաղաքականության դեմ միացյալ պայքարն այլևս պատմական անհրաժեշտություն է։

Հակառակ դեպքում տարածաշրջանային զարգացման ու խաղաղության մասին բոլոր տեսակի դիվանագիտական խոսույթները, հայտարարություններն ու խոսակցությունները ձևական են, անբովանդակ, անիմաստ և անհեռանկար։

Ադրբեջանին հիշատակելն այս համատեքստում ավելորդ է, որովհետև այն իրական գործոն չէ՝ այն Թուրքիայի կույրաղիքն է, որն արդեն «բորբոքվել է», և առավել սրացման պահին վիրահատվելու է, և դեն է նետվելու…»

Տեսանյութեր

Լրահոս