«Արևմուտքը խաղաղության պայմանագրի տարբերակ չի առաջարկել, առաջարկները Բաքվինն ու ՌԴ-ինն են». ԱԽՔ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը անջատ գործողություններ են, դրանք երբեք միասնական չեն դիտարկել և չեն դիտարկելու։
«Գոյություն ունեն բարդ խնդիրներ, որովհետև երկու հարաբերությունների կարգավորումն էլ շատ բարդ գործընթաց է և այդ գործընթացն իրար փոխկապակցելն ավելի է դժվարացնում առաջընթաց գրանցելու համար։ Դրա համար որքան տարանջատված մնան այդ հարաբերությունները, այնքան հնարավորություններ կլինեն առաջ շարժվելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյանից լրագրողնեը նաև հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հայտարարության վերաբերյալ, որ ՄԱԿ-ի 4 բանաձևերով Հայաստանը միջազգային հանրության աչքին դարձել է օկուպանտ։
«Ճիշտն ասած, այդ հայտարարության մասին տեղյակ չեմ և այս պահին չեմ կարող մեկնաբանել»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը, որ Բաքվին առաջարկել է կնքել նաև շրջանակային խաղաղության պայմանագիր, Անվտանգության խորհրդի քարտուղարը նկատեց՝ երբ 5 կետերից հետո Ադրբեջանից ստացել են խաղաղության պայմանագրի տեքստը, կարող է ասել, որ այն այդքան էլ խաղաղության համաձայնագրի նման չէր։
«Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատելուց, այն դարձրել էր շրջանակային խաղաղության համաձայնագիր, ո՞րն է պատճառը, որ մենք ուզում էինք նման պայմանագիր դառնա։ Եթե ուզում ենք, որ համընդհանուր կարգավորում լինի, անհրաժեշտ է բոլոր խնդիրների համար շրջանակային համաձայնության գալ, թե ինչպես ենք առաջ շարժվելու՝ կլինի դելիմիտացիա, ապաշրջափակում, թե այլ հարց։ Վարչապետը հենց սա է նկատի ունեցել , որ մենք առաջարկել ենք, որպեսզի այդ համաձայնագիրը լինի շրջանակային։ Հայկական կողմի մոտեցումը շարունակում է մնալ այսպիսին, բանակցում ենք, որպեսզի այն լինի շրջանակային»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։
Միաժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրեց, որ կա խաղաղության համաձայնագրի նախնական երկու տեքստ.
«Խաղաղության պայմանագրի տեքստ այս պահին չի հրապարակվել, ես չեմ տեսել, միայն կա երկու տեքստ, առաջարկված Ռուսաստանի ու Բաքվի կողմից, իսկ Արևմուտքը մեզ որևէ տեքստ չի առաջարկել։ Արևմուտքը փորձել է բանակցությունների համար միջավայր ստեղծել, Մոսկվան ևս նման միջավայր փորձում է ստեղծել բանակցությունների համար»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում