«Զորավարժություններն ուղղված են Իրանի դեմ. Ադրբեջանի հետևում կանգնած ուժերի նպատակն Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելն է». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն Իրանի սահմանին կամ Իրանին մոտ սահմանի ամբողջ երկայնքով առաջին անգամ է տեղի ունենում։
«Իհարկե, երկու երկրները համատեղ զորավարժություններ անցկացրել են, բայց դրանք չեն եղել Իրանին մոտ սահմանին, այս զորավարժություններն Ադրբեջանի հարավային հատվածում են և Արցախի օկուպացված Ջրականի շրջանում։ Զորավարժություններում ընդգրկված են մեծաքանակ թուրքական տարբեր տեսակի զորամիավորումներ, դրանց մեջ են հատուկ նշանակության ջոկատներ, ինչպես ցամաքային ուժերը, այնպես էլ ռազմաօդային ուժերը։ Բացի այս, զորավարժությանն իրենց մասնակցությունն են բերել նաև թուրք հրամանատարները, այսինքն՝ ամբողջ հրամանատարական կազմով։ Սցենարով նախատեսված է նաև գետերով անցում, պայմանական հակառակորդի խորը թիկունքում ռազմական գործողությունների իրականացում։ Ակնհայտ է, որ սա պատասխանն է Իրանի այն զորավարժություններին, որոնք վերջերս տեղի ունեցան Ադրբեջանի հետ սահմանին»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Ռազմական փորձագետի կարծիքով՝ այս զորավարժություններով Ադրբեջանը, իսկ ավելի շուտ՝ Թուրքիան, ցույց է տալիս, որ Իրանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, Թուրքիան միայնակ չի թողնելու Ադրբեջանին, և նրանք երկուսով են գործելու։
«Չեմ կարծում, որ զորավարժությունն ուղղված է Հայաստանի դեմ, որովհետև այն բոլոր տակտիկական մարտավարությունները, որոնք անում են, առհասարակ կապ չունեն Հայաստանի տեղանքի հետ։ Այլ հարց է, եթե այդ տակտիկական վարժանքները տեղի ունենային բարձր լեռնային հատվածներում, օդադեսանտային միջոցներով, այդ դեպքում կարելի էր այդ ամենը կապել նաև Հայաստանի հետ։ Սակայն այս դեպքում վստահորեն կարող եմ ասել, որ այն ուղղված է Իրանի դեմ»,- հավելեց Կարեն Հովհաննիսյանը։
Հարցին՝ Ադրբեջան-Իրան հեռավար բանավեճը կարո՞ղ է ռազմական գործողության վերածվել հենց այս զորավարժությունների ժամանակ, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ Իրանը միտված չէ ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ, նման մտադրություններ չունի։
«Սակայն Ադրբեջանի հետևում կանգնած ուժերը, որոնք, մեղմ ասած, բոլորովին էլ Իրանի բարեկամները չեն, նրանք այդ նպատակն ունեն՝ որպեսզի Ադրբեջանի ձեռամբ Իրանի դեմ սկսեն ռազմական գործողություններ։ Այս փուլում չեմ բացառում, որ բանը հասնի նրան, որ իսկապես լինեն որոշակի ռազմական գործողություններ։ Եթե նման գործողություններ լինեն, չեմ կարծում, որ դրանք տևեն մի քանի օր, որովհետև Ադրբեջանի հետևում կանգնած ուժերը, նրանց նպատակը կարճատև գործողությունները չեն, այլ ավելի երկարաժամկետ ռազմական գործողություններն են, որոնք ըստ իրենց՝ կմաշեցնեն Իրանին»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունները մեկնարկել են դեկտեմբերի 5-ին՝ «Եղբայրական բռունցք» կարգախոսով:
Վարժանքներն իրականացվում են Իրանի սահմանին՝ «Բաքվի, Աստարայի, Ջրականի և Իմիշլիի շրջաններում։