«Լավրովը փաստեց, որ այնուամենայնիվ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում իր ունեցած ելույթին և դրան հետևած արձագանքներին, Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում չստորագրված փաստաթղթին, ինչպես նաև Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու հնարավորությանը:
«Հաշվի առնելով, որ այժմ քննարկումներ են ընթանում այդ փաստաթղթի շուրջ, արձագանքները հիմնականում դրա մասին ձևակերպումների վերաբերյալ էին։ Այսինքն՝ գործընթացը շարունակվում է, և դա ևս մեկ անգամ իմ կողմից արձանագրում էր՝ կա խնդիր, ինձ երկրորդեց Ստանիսլավ Զասը, որը դեռևս զբաղեցնում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Կարծում եմ՝ այդ բոլոր արձանագրումները պետք է հաշվի առնեն ու հաշվի կառնվեն այն փաստաթղթի փոփոխությունների մեջ, որը հետագայում կդրվի սեղանին։
Ժամկետ չկա, թե այն երբ կստորագրվի, կարծում եմ՝ մինչև հաջորդ նիստն այս փաստաթուղթը կլինի սեղանին»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիների կողմից Բերձորի միջանցքը փակելուն և այն հայտարարություններին, որ թշնամին այնտեղ պետք է հենակետեր տեղադրի, Ալեն Սիմոնյանը նկատեց՝ Հայաստանը դրան բացասաբար է վերաբերվում։
«Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում ռուսական կողմի հետ, որովհետև կրկնում եմ՝ դա ռուսական զորքերի պատասխանատվության գոտի է»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի հարցին՝ այսինքն՝ Հայաստանն Արցախն ամբողջությամբ թողել է ռուս խաղաղապահների՞ն, որևէ բան չպե՞տք է անի, Ալեն Սիմոնյանն իր պատասխանում հղում կատարեց նոյեմբերի 9-ի հայտարարությանը, նշելով, որ այնտեղ բոլոր հարցերի պատասխանները կան։
«Կարծում եմ՝ այն բոլոր քայլերը, որոնք մինչ այժմ արվել են, ես չպետք է նորից հնչեցնեմ, որ Հայաստանն Արցախին չի թողել և չի թողնելու»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն՝ ստացվում է, որ Լավրովը Պրահայում, երբ հայտարարում էր, թե Հայաստանն Արցախը թողել է Ադրբեջանին, ճի՞շտ էր, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ճիշտ չէ։
«Նույն հայտարարության մեջ ինքը պատմում էր մի տարբերակ, որը մի ժամանակ ես ներկայացրել եմ՝ որպես ռուսական տարբերակ, եթե կուզեք՝ խոսակցական մասով «Լավրովի տարբերակ»: Ինքը ևս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակ, որպես այդպիսին, կար։ Ինքը փաստեց, որ այնուամենայնիվ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր։
Ինչ վերաբերում է Պրահայի հայտարարությանը, ապա այնտեղ նման բան չկա, և Արցախը որևէ պարագայում գործընթացից դուրս չի թողնվում։ Այնտեղ նախատեսված ֆորմատ կա, որտեղ Արցախը և Ադրբեջանը հասկանան իրար և միմյանց հետ խոսակցություն ունենան։ Եղել է խոսակցություն, և այդ մտահոգությունը կար՝ Արցախը դուրս էր մնում, բայց Հայաստանն այդ խոսակցությունները մերժել է և դրա մեջ չի մտել»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում