Տակտիկական հնարքներով ռուսական դիվանագիտությունը փոխելու է շեշտադրումները, քանի որ ՌԴ-ի համար ներկայությունը Ղարաբաղում չափազանց կարևոր է. վերլուծաբան
Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են փոխանակվել հնարավոր Խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներով: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնարկեց, որ վերջին շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը կրկին առաջարկներով են փոխանակվել՝ ամենայն հավանականությամբ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանն ու դրանից հետո: ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ այսօր ասել է, որ հայկական կողմը ստացել է Բաքվի առաջարկները, որոնք ըստ էության արձագանք են հայկական կողմի առաջարկներին:
«Այսինքն՝ կարելի է ասել, որ այդ առաջարկների երրորդ փուլն է քննարկվում։ Քանի որ դրանք հրապարակման ենթակա մանրամասներ ու քննարկումներ չեն, ես չեմ կարող բարձրաձայնել ու հրապարակայնացնել դրանք։ Բայց, այո, ճիշտ է, հայկական կողմն Ադրբեջանից ստացել է պատասխան առաջարկները։ Իսկ ինչ վերաբերում է երկրի ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների մակարդակով հնարավոր հանդիպմանը մինչև տարեվերջ, կարծում եմ՝ չի կարելի բացառել»,- ասել է Աղաջանյանը։
Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը կրկին ակնարկեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են բոլոր հարցերը լուծել ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:
Իսկ Ալմա Աթայի հռչակագիրը Լավրովը ներկայացնում է հետևյալ կերպ, թեև հայկական կողմը վերապահմամբ է վավերացրել այս հռչակագիրը.
«Այդ հռչակագիրն ասում է, որ բոլոր միութենական պետությունները հաստատում են սահմանների անխախտելիությունը Խորհրդային Միության պետությունների միջև գոյություն ունեցող սահմաններով: Այլ կերպ ասած` այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության մաս էր, և երբ դրան հավանություն են տալիս թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե Ֆրանսիան, թե Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ասելով, որ ճանաչում ենք Ալմա Աթայի հռչակագիրը առանց որևէ վերապահման, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է հարցը, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին»:
Վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ հաջորդ բանակցություններն ամենայն հավանականությամբ տեղի կունենան ռուսական հովանու ներքո, թեև ինքնին այդ փաստը չի նշանակում, որ գործընթացը կշարունակվի կամ վերջնակետին կհասնի Ռուսաստանում:
Ըստ նրա, Ռուսաստանը, ինչպես և Արևմուտքը, փորձում է գործընթացը տեղափոխել իր դաշտ՝ փորձելով գրավել հատկապես Ադրբեջանի ուշադրությունը և հավանությունը, համարելով, որ Հայաստանն անվտանգային առումով կախում ունեցող երկիր է, եվրասիական պրոյեկտներին միացած երկիր է, իսկ Ադրբեջանը, թեև պրակտիկորեն աշխարհաքաղաքական քիչ մանևրներ է անում, սակայն աշխարհաքաղաքական առումով ավելի անկախ ու ինքնավստահ է գործում, որի գլխավոր պատճառներից մեկն էլ թուրք-ադրբեջանական հարաբերություններն են:
«Բայց տակտիկական հնարքներով ռուսական դիվանագիտությունը փոխելու է շեշտադրումները, վստահաբար, քանի որ ՌԴ-ի համար ներկայությունը Ղարաբաղում չափազանց կարևոր է, իսկ կարգավիճակի հարցի լուծումն այն տրամաբանությամբ, որը ներկայացնում է Լավրովը, ռուսական տեսանկյունից թուլացնելու է Ռուսաստանին: Ուստի կարծում եմ՝ կողմերին բանակցային իր դաշտ տեղափոխելուց հետո ՌԴ-ն ինչ–որ բովանդակային փոփոխություններ է մտցնելու, ինչն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում դինամիկ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին»,- ասաց վերլուծաբանը:
Մյուս կողմից, նրա խոսքով, Արևմուտքը Հարավային Կովկասում ավելի վստահ ու ակտիվ է գործում, ինչը չի կարելի ասել Ռուսաստանի մասին:
«Ամերիկյան կողմից այցերը շարունակվում են, որոնք ուղղված են արևմտյան պլատֆորմի ամրապնդմանը, իսկ ԱՄՆ-ի բարձրաստիճան առաջարկները, ինչպես տեսնում ենք, կողմերը չեն կարողանում մերժել, այլ հարց է, որ համաձայնությունների չեն հանգում և պատճառներ են փնտրում աշխարհաքաղաքական մանևրումների համար: Այնուամենայնիվ ամերիկյան առաջարկը ուղիղ բանակցությունների, որոնցում Վրաստանը դիտարկվում է՝ որպես չեզոք ու օգտակար հարթակ, ներկայումս ԱՄՆ առաջնահերթություններից է թվում: Եվ փաստորեն հակամարտության շուրջ, Հայաստան-Ադրբեջան առճակատումից բացի, այսօր ականատես ենք նաև ՌԴ-ԱՄՆ կամ ՌԴ-Արևմուտք սուր առճակատման կամ մրցակցության, որն էականորեն ապակայունացնում է ռեգիոնալ մթնոլորտը»,- ասաց նա: