Բաժիններ՝

«Աստված արդեն ամեն ինչ որոշել է, ինչո՞ւ ես ընտրեմ»

Մեր պատասխանատվության մասին

Մեր կյանքում պատահում են դեպքեր, երբ մեզ վրա պիտի վերցնենք որոշումների պատասխանատվությունը, անենք ինչ-որ համարձակ քայլ, որը կփոխի տվյալ խնդրի ողջ ընթացքը՝ մեզ գուցե հանելով ինչ-որ վատ իրավիճակից։ Սակայն այդ պահերին է, որ մեզ լքում է մեր վճռականությունը, և ասես վախենալով որոշումներ կայացնել՝ ասում ենք․ «Միևնույն է, Աստված արդեն մեր փոխարեն որոշել է ամեն բան, կլինի այնպես, ինչպես ավելի ճիշտ է»։

Եվ կամ էլ երբ թուլություն ենք ցուցաբերում, երբ ինչ-որ կարևոր հարցի չենք կարողանում լուծում տալ և բախվում ենք դրա վատ հետևանքներին, ասում ենք․ «Ուրեմն՝ Աստված է այդպես կամեցել»։

Սակայն մեր այս տեսակետը իր անլիարժեքության մեջ թյուր է։ Ինչո՞ւ՝ կհարցնենք, չէ՞ որ Աստված իսկապես որոշում է ամեն բան։ Այո՛, անշուշտ որոշում է, սակայն դա բնավ կապված չէ այն որոշումների հետ, որոնք ընդունում ենք՝ մեր կյանքի ընթացքը պայմանավորելով։

Մի բան հստակ է՝ Աստված մեզ տվել է ազատ կամք, ընտրության հնարավորություն, որպեսզի կարողանանք պատասխանատվություն վերցնել մեր քայլերի համար՝ այդպիսով իսկ արդարացնելով մեր գործերը։ Եվ մեր կարծիքը, թե «Աստված արդեն ամեն բան որոշել է», թյուր է, քանի որ մեր կյանքում որոշումներ ընդունողը մենք ենք, մե՛րն է պատասխանատվությունը՝ Աստծո կամքով։

Ի՞նչ է պատասխանատվությունը

Պատասխանատվությունը սերը սեր դարձնողն է․ աստվածային սերը գոյություն չունի՝ առանց պատասխանատվության։ Այս հատկանիշը մեզ ավանդված է որպես ուժ։ Պատասխանատվությունը չափազանց կարևոր է քրիստոնեության մեջ, քանզի այն նշանակում է, որ մարդ սեփական սխալների համար ի՛նքն է պատասխան տալիս, ունի քաջություն՝ դրանք շտկելու և դիմացինին չմեղադրելու:

Պիտի գիտակցենք, որ Աստծո որոշումները ընդհանուր չեն։ Նա մեզ չի՛ տեսնում որպես մի բազմություն, այլ տեսնում է որպես անհատներ։ Աստված յուրաքանչյուրիս հետ խոսում է անհատապես՝ ամրապնդելով մեր պատասխանատվության զգացումը, մինչդեռ մենք, ընկնելով մոլորությունների մեջ, ասես հեռու վանենք մեզանից այս հատկանիշը՝ ամենը թողնելով Աստծո հույսին։

Նման պահերին պարզապես հիշենք, որ պատասխանատվությունը կարևորագույն առաքինություն է քրիստոնյայի կյանքում։ Առանց դրա՝ այլևս խոսք չի կարող լինել հավատքի մասին։

Ուրեմն՝ լինե՛նք պատասխանատու՝ մեր տկարությունները հաղթահարելով, մեղքերը խոստովանելով ու քավելով։ Ընդունե՛նք որոշումներ՝ առաջնորդվելով աստվածային պատգամներով, այլ ոչ թե դրանք թողնենք «Աստծո կամքին»։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս