«Ադրբեջանն ու Թուրքիան անում են ամեն ինչ, որ լայնածավալ պատերազմ սանձազերծեն». Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը համոզված է՝ ռուսական կողմը փորձում է արևմտյան դաշտից խաղը տեղափոխել իր հետաքրքրությունների դաշտ:

«Խաղ ասելով՝ նկատի ունեմ փոքրիկ տարածաշրջանում մեծ խաղի բոլոր կանոնները: Ես գրեթե համոզված եմ՝ ռուսական կողմը որքան էլ պահպանի կոմպլեմենտարությունը, ինքն այնուամենայնիվ միտված է պաշտպանել իր շահերը, և այս պարագայում իր շահերը համընկնում են մեր շահերի հետ: Այլ բան, որ հաճախակի մենք չենք տեսնում այն, ինչ ուզում ենք: Այստեղ կրկին գալիս ենք շատ կարևոր եզրակացության՝ շուրջբոլորն իրենց շահերի համար պայքարում են, իսկ մենք ասում են՝ դե, մեծեր, դուք իրար մեջ հարցերը լուծեք, մենք էլ կհարմարվենք, ինչը արհավիրք է, անհեթեթություն է և բերել է այն ծանրագույն հետևանքներին, որոնց ականատեսն ենք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Արման Աբովյանի խոսքով՝ Լավրովի հայտարարության մեջ աննշան հեգնանք կար այն փաստի վերաբերյալ, որ հայերը պատրաստ են հրաժարվել Արցախից. «Այդ ամենի տակ կար այն, ինչ իրականում կա, և այն խոսքը, որ Լավրովն ասում է՝ Ադրբեջանը պատրաստ է երաշխիքներ տալ, բոլորը գիտեն, որ Ադրբեջանի հետ անհնարին է խոսել: Երբ Ադրբեջանն ամեն պատի տակ իրեն մեջտեղից ճղում է՝ արտաբերելով այն հիմարությունը, որ արցախահայերն իր քաղաքացիներն են, դրան զուգահեռ՝ տանում է ֆաշիստական պրոպագանդա, սպառնում է ֆիզիկական ոչնչացմամբ: Այսինքն՝ երբ ռուսական կողմը դա ընդգծում է, ինքը հստակ և պարզ ասում է հետևյալը, որ ռուսների համար ոչ հաճելի փաստ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները, այսինքն՝ հայերի մի մասը, մյուս մասի կյանքի անվտանգության հետ աշխատում են չառնչվել և երրորդ կողմին են տալիս»:

Կարդացեք նաև

Նա նկատեց՝ գործող իշխանություններն իսպառ հրաժարվում են ընկալել այն փաստը, որ Արցախը որպես առանձին միավոր չէ ընկալվում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից. նրանց վերջնանպատակը Սյունիքով միջանցք ստանալն է. «Հայաստանը նրանց համար ընկալվում է՝ որպես անիծյալ սեպ թուրքական աշխարհի մեջքին: Այդ անիծյալ սեպը ես եմ, դուք եք, նաև այն մարդիկ, որոնք այս պահին մեզ հետ համաձայն չեն և ասում են՝ ինչո՞ւ չենք կարող խաղաղություն ունենալ: Չենք կարող, որովհետև թուրքն ու ադրբեջանցին չեն ուզում, նրանք ընդհանուր սահման են ուզում:

Ձեզ հարց տվեց՝ ինչո՞ւ արցախյան երկրորդ պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի առաջին իսկ պահանջները վերաբերում էին Զանգեզուրի միջանցքին, որը ձեռնտու չէ ո՛չ մեզ, ո՛չ ռուսին, ո՛չ ամերիկացուն, ո՛չ ֆրանսիացուն, ո՛չ Իրանին, այլ միայն՝ Թուրքիային և Ադրբեջանին: Հակաթեզերի վրա խաղալով՝ իշխանությունները մոտեցնում են պատերազմի»:

Արման Աբովյանը շեշտեց. «Ադրբեջանն ու Թուրքիան անում են ամեն ինչ, որ լայնածավալ պատերազմ սանձազերծեն, և ես չեմ տեսնում նույնիսկ միտում, որ այս իշխանություններն ինչ-որ իրական գործողություն կատարեն, որ այդ արհավիրքը, որը գալիս է, կանգնեցնեն: Ասեմ ավելին, եթե ձեզ թվում է, որ պատերազմն ավարտվել է, չարաչար սխալվում եք, պարզապես կա ակտիվ ֆազա, պասիվ ֆազա: Հիմա մի քիչ պասիվ ֆազայում ենք, հես է՝ կակտիվանա:

Ձեր եթերից եմ ասում՝ Աստված տա՝ ես սխալվեմ, հրաշքով վերանան այն փաստերը, որոնց վրա հիմնվում է իմ տեսլականը: Ի դեպ, արևմտամետների համար էլ ասեմ՝ ԱՄՆ Stratfor վերլուծականն արձանագրել է լայնամասշտաբ պատերազմի վտանգի կտրուկ ավելացում, դա էլ հո ռո՞ւսը չի ասում:

Աստված չանի, եթե իրավիճակը պայթեց, այս իշխանություններն ասելու են՝ ժողովուրդ ջան, մենք արեցինք ամեն ինչ, որ պատերազմ չլինի, և, ի վերջո, մեղավորը կլինեն Թուրքիան և Ադրբեջանը՝ իրական մեղավորները:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս