Այս պետությունը շների պետությո՞ւն է. շների իրավունքներն այսօր ավելի շատ են պաշտպանված, քան մարդկանց իրավունքները. Փորձագետը՝ թափառող շների՝ մարդկանց վրա հարձակվելու մասին
«Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շների կողմից կծվածության 41 դեպք, որից թափառող, անհայտ շուն՝ 19-ը»,- Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 5-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Զոոնոզային հիվանդությունների և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը սա համարում է ահագնացող սպառնալիք:
«Ըստ Առողջապահության նախարարության՝ 2016թ. մոտ 3300 մարդ էր դիմել բժշկի՝ թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների կողմից հարձակման ենթարկվելու պատճառով: 2020թ. գրանցվել է 5632 դեպք: Սա աճ է՝ 80 տոկոսով: Բազմիցս ասել ենք, որ նման մոտեցումն անթույլատրելի է: «Շնասիրության» քաղաքականությունը բերեց նրան, որ այսօր մարդիկ վախենում են նույնիսկ այգիներում զբոսնել. թափառող, մեծ շների ոհմակներ են»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը՝ հավելելով, որ շատ սրճարանների, ռեստորանների շրջակայքում օրվա վերջում մեծ թվով շներ են լինում, ու սա պայմանավորված է նրանով, որ մոտակայքում են աղբը թափում, իսկ երբ գալիս է ձմեռ ու, օրինակ, բացօթյա սրճարանները փակվում են, շները շարունակում են մնալ այդ տարածքում:
«Կան նաև մարդիկ, ովքեր այդ նույն տարածքներում բերում, կերակրում են շներին, բայց որ ասես՝ աղքատ մարդ է փողոցում, մի բուլկի առ, տուր, կյանքում դա չեն անի: Կերակրելով շներին՝ նպաստում են, որ տվյալ տարածքում շները շատանան: Իսկ այն թեզը, թե ստերջացված շներն ինչո՞ւ պետք է հարձակվեն մարդու վրա, գուցե նրանք են դրդում, դա արհեստական է: Տեսնում ենք, որ «շնասիրությունը» պայմանավորված է առաջին հերթին գրանտային ծրագրերով: Մեր հասարակությունը կենդանի ատող չէ, ոչ մեկը թող չասի, որ ինձանից շատ կենդանի է սիրում, բայց երբ կենդանիներն ահաբեկում են բնակչությանը, դա արդեն անթույլատրելի է: Ի դեպ, ստերջացված, հատկապես էգ շների մոտ աճում է ագրեսիան, որը մեծապես արտահայտվում է փոքր մարդկանց՝ երեխաների ուղղությամբ: Դա գիտականորեն ապացուցված է: Երբ ասում են, որ ստերջացումը շներին հանգստացնում է, իրականությանը չի համապատասխանում, կեղծ թեզ է: Արհեստականորեն ստեղծել են, որ մարդիկ «գործ» ունենան: Չեմ ընդունում նաև այն պահվածքը, որ երբ մի շան են կպնում՝ վայնասուն է բարձրանում լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում, իսկ երբ մարդուն են կպնում՝ մի կայք գրի կամ չգրի: Ստացվում է ի՞նչ. այս պետությունը շների պետությո՞ւն է. շների իրավունքներն այսօր ավելի շատ են պաշտպանված, քան մարդկանց իրավունքները. ո՞վ է պատասխանատվության ենթարկվել վերջերս Աշտարակում տարեց կնոջ վրա թափառող շան կողմից հարձակումից հետո»,- նշեց փորձագետը:
Գրիգոր Գրիգորյանն ընդգծեց՝ ստերջացումը կանխարգելում է ձագերի ծնունդը, բայց ի՞նչ անել եղածների հետ:
«Շները միջինը 15 տարվա կյանք ունեն, իսկ այդ ընթացքում բնակչությունը պետք է ահաբեկվա՞ծ ապրի: Եվ հետո, որ ասում են՝ թափառող շներին կատաղության և մյուս հիվանդությունների դեմ պատվաստում են ու պիտակ են կպցնում ականջին, իրականում ամեն տարի պետք է պատվաստեն: Մեկը կասի՞, թե հետո ո՞վ է այդ շներին հավաքագրում և հակամարմինների տիտրը ստուգում»,- ասաց փորձագետը:
Նա հայտնեց նաև՝ անկախ նրանից, թե ինչ շուն է կծել, պետք է անպայման գնալ և ստանալ իմունոգլոբուլինային բուժում՝ կատաղության դեմ:
Հավելենք, որ նոյեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Աշտարակ» ԲԿ-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ վերին և ստորին վերջույթների, դեմքի շրջանի շան կծած, պատռած-ջնջխած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեծահասակ կին։ shamshyan.com-ը հայտնել է, որ վիրավորը Աշտարակ քաղաքի բնակիչ 87-ամյա Սիլվարդ Ս-ն է։ Ժամը 11։30-ի սահմաններում Աշտարակի Սուրբ Սարգիս փողոցում թափառող շները հարձակվել են նրա վրա՝ պատճառելով նշված մարմնական վնասվածքները։