Բաժիններ՝

Ովքե՞ր կարող են դիմել պետական նմուշի դիպլոմ ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2204-Ա/2 հրամանով հաստատվել է «Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց 2022 թվականի պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման» ընթացակարգը:

168.am-ը ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հետաքրքրվեց, թե հրամանը կոնկրետ որ հաստատություններին է վերաբերում, պատասխանեցին, որ խոսքը ոչ պետական քոլեջների այն շրջանավարտների մասին է, որոնց մասնագիտությունը ժամանակին՝ իրենց սովորելու և դիպլոմ ստանալու ընթացքում, պետական հավատարմագրում չի ունեցել։ Ուստի հիմա կարող են դիմել և քննություն հանձնել պետական նմուշի դիպլոմ ստանալու համար։

Այսինքն, շրջանավարտները, այդուամենայնիվ, որևէ մասնագիտությունից ավարտական դիպլոմ ստացել են, որը չի համապատասխանում այսօրվա պահանջներին:

Մեր հարցին՝ քոլեջների ցանկը կա՞, նշեցին, որ նման ցանկ չկա, խոսքը նախկինում գործունեություն ծավալած որևէ քոլեջի մասին է, որն այսօր գուցեև չի գործում։ Քաղաքացին ինքը, ըստ իր ունեցած դիպլոմի, պետք է դիմի, որպեսզի պետական նմուշի դիպլոմ ստանա։ Այս պահին գործող ոչ պետական հաստատությունների ցանկը, նրանց փոխանցմամբ՝ կա, բայց դա ավելի շատ նախկինում տրված որակավորումներին է վերաբերում։

Կարդացեք նաև

Հայտնեցին նաև, որ պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած և վերջին 10 տարվա ընթացքում ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շրջանավարտի պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 502 սենյակ) 2022 թվականի դեկտեմբերի 1-23-ը ներառյալ՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, ժամը 10:00-ից մինչև 17:00 (ընդմիջում` 13:00-14:00):

Պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) ունեցող շրջանավարտը, որը չունի վերջին 10 տարվա ընթացքում ուսումնառած մասնագիտության համապատասխան ոլորտի 3 կամ վերջին 3 տարվա ընթացքում 1 տարվա աշխատանքային ստաժ, կարող է իր ուսանողական իրավունքը վերականգնել՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանի պահանջների և առնվազն մեկ ուսումնական տարի ուսումնառելուց հետո մասնակցել իր ուսանողական իրավունքը վերականգնած ուսումնական հաստատությունում պետական ամփոփիչ ատեստավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս