Կարող էին ուրիշ ձևով լուսավորել, ու նույն գեղեցկությունն էլի լիներ. Ոլորտի մասնագետները՝ Կառավարության շենքի պատերին բացված անցքերի մասին
Ամանորի տոնական լուսավորություն ապահովելու նպատակով Կառավարության շենքի պատերին բացված անցքերի և պետության կողմից պաշտպանվող պատմամշակութային հուշարձանը վնասելու թեման շարունակում է քննարկվել մասնագետների և քաղաքացիների շրջանում:
Մի շարք ճարտարապետներ սոցիալական ցանցերում գրառումներով, տարբեր լրատվամիջոցներով և մասնավորապես 168.am-ին տված հարցազրույցներում բացասական գնահատական են տվել: Ոմանց կարծիքով՝ հուշարձան շենքի պատերը ծակելով՝ շենքի արտաքին տեսքն աղավաղվում է: Մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանի կարծիքով էլ՝ լույսերը հանելուց հետո հնարավոր չի լինի այդ անցքերն այնպես վերականգնել, որ տեսանելի չլինի ու շենքի տեսքը չաղավաղվի։
«Հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այդ ծակած տուֆ քարը փոխարինվի մեկ այլ տուֆ քարով։ Այսինքն՝ այդ քարն ապամոնտաժվի ու տեղն ուրիշ քար դրվի։ Հարց է՝ եթե այդպես անեն, նույն երանգի քար կգտնվի՞, թե՞ ոչ»։
Ոմանք էլ մեզ հետ զրույցում շեշտելով, թե շատ վատ է, որ Կառավարության շենքի վրա անցքեր են բացվել, միևնույն ժամանակ ասացին, թե դրանք փակել հնարավոր է, ինչը չի նշանակում վերականգնել: Իսկ վերականգնել հնարավոր է, եթե օգտվեն նորմալ նյութերից, ճիշտ գույն օգտագործեն: Նրանց փոխանցմամբ՝ անգամ հին մեթոդով կարող է ավելի լավ ստացվել, օրինակ, առաջ ձվի սպիտակուցով ու այդ նույն քարի փոշին իրար խառնելով, հատուկ սոսինձներ օգտագործելով՝ նույն գույնի, ձևի և որակի ստացվել է վերականգնել:
Ճարտարապետները նաև ընդգծեցին՝ օրենք պետք է լինի, որպեսզի խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես քանդեն: Օրինակ՝ պատին կոնդիցիոներ է ամրացրել՝ պետք է քանդել, առաջ է եկել, ֆասադն ավերել է՝ պետք է քանդել, և այդպես շարունակ:
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանն էլ նշեց, որ Եվրոպայում, օրինակ, դիմացի պատից լույսերը գցում են:
«Կարող էին ուրիշ ձևով լուսավորել, ու նույն գեղեցկությունն էլի լիներ: Հիմա որոշ երկրներում նաև տոնածառն են լույսերով անում, որը շատ սիրուն է, կարծես եթերային լինի»,- ասաց քաղաքաշինության դոկտորը:
Խնդրին օրերս հրավիրված ասուլիսին անդրադարձել են նաև Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանն ու Սուրեն Գրիգորյանը:
«Մեծ փոսերը, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջ՝ բոլտը, դա մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունի: Այո, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել և այդ վնասները նույնպես այս ընթացքում մենք արձանագրել ենք և գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ նաև այդ հարցերին: Որպես այդպիսին՝ իրականացվել է նվազագույն միջամտություն լուսավորության տեղադրման համար: Որպես այդպիսին, քաղաքին վնաս չկա հասցված»,- Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հավելենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադառնալով քննարկվող թեմային՝ Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է. «Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։ Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել «Մանկական եվրատեսիլ» միջազգային մրցույթի պատվիրակություններին, իսկ սա եզակի հնարավորություն է լավագույնս հյուրընկալել նրանց և բոլոր կողմերից ցույց տալ մայրաքաղաք Երևանը և երևանցուն։ Ավելի քան վստահ եմ, որ քննարկումները ոչ պակաս էին լինելու նաև զարդարանքի իսպառ բացակայության դեպքում. հումորներն ու քննադատություններն այդ պարագայում, սակայն, կհնչեին ոչ կոմպետենտության և միջազգային հանրությանը մեր երկիրը ոչ պատշաճ ներկայացնելու ուղղությամբ»: