Ամանորյա միջոցառումների համար Երևանում կծախսվի 285 միլիոն դրամ
«Այս տարվա դեկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը ներառյալ՝ Երևանի 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում կգործի ոչ միայն ամանորյա տոնավաճառը, այլ նաև կլինի տոնական յոթ համերգ՝ Հայաստանում սիրված արտիստների, բենդերի և նաև վերջին տարիներին ձևավորված անհատների ու խմբերի կողմից։ Այս տարի ամբողջ փաթեթի համար կծախսվի շուրջ 285 միլիոն դրամ։ Պայմանագրերի մի մասն արդեն պատրաստ է, մի մասն ընթացքի մեջ է»,- Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը՝ հավելելով, որ զարդարանքների և գեղարվեստական լուսավորության աշխատանքների համար կծախսվի 115 միլիոն դրամ:
«Սուրբ Ծննդյան տոնավաճառի տարածքում կազմակերպվող համերգների հետ կապված շուրջ 60 միլիոն դրամ է ծախսվել։ Դեկտեմբերի 31-ի տոնական համերգի համար կծախսվի 75 միլիոն դրամ։ Տոնածառի մոտ տեղադրված վերգետնյա կամուրջի համար՝ 6 միլիոն 600 հազար դրամ։ Տոնավաճառի տնակների վերականգնման, պատրաստման, ապամոնտաժման համար՝ 26 միլիոն դրամ։ Ընդհանուր 285 միլիոն դրամ կծախսվի»,- նշեց Գոշ Սարգսյանը:
Քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանն էլ հայտնեց, որ Սուրբ Ծննդյան տոնավաճառի կրպակների վարձակալության աճուրդն արդեն ավարտվել է, տնակների աճուրդներին մասնակցությունը բարձր է եղել: Դեկտեմբերի 5-ից տաղավարները կսկսեն գործել։
«Ունենք մեկնարկային արժեքներ, կախված տնակների չափերից՝ երկու տեսակի տնակ ունենք՝ 5 և 6 քառակուսի: Մեկնարկային գինը՝ 236.000 դրամ, քանի որ աճուրդ է՝ կարող է բարձրանալ, և մյուսը 280.000 դրամ: Մի տնակ ունեինք, մինչև 600.000 դրամ բարձրացավ»,- ասաց Հովիկ Սաֆարյանը: