ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի. Արարատ Միրզոյան

Հայաստանը շարունակում է հավատալ, որ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրները, ԵԱՀԿ մեխանիզմներն իրենց կուտակած գիտելիքներով և փորձով կարող են և պետք է նպաստեն տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատմանը: Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է այս տարվա մարտ և օգոստոս ամիսներին Ադրբեջանի իրականացրած սադրիչ և ագրեսիվ գործողություններին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ:

«Եռակողմ հայտարարությունների բացահայտ խախտմամբ՝ Ադրբեջանը փաստացի էթնիկ զտումների ենթարկեց Լեռնային Ղարաբաղի ևս մեկ բնակավայր և փորձեց խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությանը, որն ավելի քան 120 հազար մարդու համար «կյանքի ճանապարհ» է»,-ասել է Միրզոյանը:

«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի։ Այս հարցերը մշտապես եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում»,- հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս