Իսպանիայի վարչապետին, ենթադրաբար, պայթուցիկ սարքով ծրար են ուղարկել
Իսպանիայի ոստիկանությանը հաջողվել է նոյեմբերի 24-ին հայտնաբերել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղարկված ծրար, որի մեջ, ենթադրաբար, գտնվել է «հրատեխնիկական նյութ»:
Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Այն հայտնաբերել են նոյեմբերի 24-ին, երբ Կառավարության նախագահությանն առընթեր Անվտանգության դեպարտամենտի ծառայությունները, նամակների տեսակավորում և ընտրություն անցկացնելով, հայտնաբերել են փոստային առաքում: Դա կառավարությանը հասցեագրված ծրար էր, այն ուղարկվել էր սովորական փոստով», – ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իսպանիայի ՆԳՆ-ի կայքում:
Ինչպես նշվում է, ծրարը և դրա պարունակությունը նման էին երկրում ավելի վաղ հայտնաբերված ծանրոցներին: Մինչ այս նմանօրինակ ծանրոցներ էին ուղարկվել Մադրիդում Ուկրաինայի դեսպանություն, Instalaza սպառազինության ընկերություն, թագավորության պաշտպանության նախարարություն և Տոռեխոն դե Արդոսի ավիաբազա: Նոյեմբերի 30-ին «20 Minutos» թերթը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել է, որ Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցը թեթև վնասվածքներ է ստացել փոստային ծրարի մեջ թաքցված սարքի պայթյունի պատճառով: Սարքը պայթել է ժամը մոտավորապես 13:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին):
Այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցները ծանուցում են ստացել Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանը հրդեհի բռնկման մասին: Ավելի ուշ Իսպանիայում Ուկրաինայի դեսպան Սերգեյ Պոգորելցևը հայտարարել է, որ Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան շենքի մոտ պայթել է տուփ, այլ ոչ թե ծրար: EFE գործակալությունը հաղորդել է, որ Իսպանիայի ազգային դատարանը Մադրիդում Ուկրաինայի դեսպանատան շենքի մոտ պայթյունի վերաբերյալ գործ է հարուցելու, միջադեպը հետաքննվելու է որպես հնարավոր ահաբեկչական հանցագործություն: