
ԱՄՆ-ում հաջողվել է դուրս բերել մարդկանց ինքնաթիռից, որը խճճվել էր էլեկտրալարերի մեջ 30 մետր բարձրության վրա

ԱՄՆ-ում փրկել են օդաչուին և ուղևորին, որոնք 7 ժամ անցկացրել են 30 մ բարձրության վրա այն բանից հետո, երբ նրանց ինքնաթիռը բախվել է հոսանքալարերին: Այս մասին հաղորդում է Sky News լրատվամիջոցը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ տեղի ժամանակով ժամը 17:40-ին, Մերիլենդ նահանգի Գեյթերսբուրգ քաղաքի Մոնթգոմերի շրջանի ավիա զբոսայգում:
Նշվում է, որ ժամը 23:30-ին մոտ փրկարարներին հաջողվել է ինքնաթիռի «էլեկտրական հողանցում» կատարել: Իսկ արդեն կեսգիշերից հետո երկու տղամարդկանց անվտանգ կերպով իջեցրել են ինքնաթիռից:
Միջադեպի հետևանքով 120 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Հրշեջ ծառայության ղեկավարը հայտնել է, որ ինքնաթիռում գտնվող 65-ամյա Պատրիկ Մերկլը և 66-ամյա Յան Ուիլիամսը վթարից հետո լուրջ վնասվածքներ են ստացել, նրանց մոտ եղել է նաև հիպոթերմիա:
Ավիավթարի պատճառն առայժմ հայտնի չէ, կատարվում է հետաքննություն: