Հանուն ինչի՞ Փաշինյանը մերժեց ՀԱՊԿ առաջարկը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բացահայտել է, թե ինչու օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ նիստի ընթացքում չստորագրեց Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծն ու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կազմակերպությունն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության իրականացում Ադրբեջանի հետ սահմանին՝ իրավիճակը գնահատելու համար:
«Իրավիճակը հեշտ չէ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում։ Ընդհանուր առմամբ, միջոցառումների համալիրը, որը ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստանին, ներառում է տարբեր միջոցառումներ՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական ոլորտներում, այդ թվում՝ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Առաջարկներն ընդհանուր առմամբ հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից»,- ասել է Զասը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, «միակ բանը, որը չի հաջողվել իրականացնել՝ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, Երևանում անցկացվող ՀԱՊԿ ղեկավարների նեղ կազմով նիստի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, պատրաստ չէ ստորագրել այդ փաստաթղթերը։
Նիստից հետո փակագծեր էր բացել նաև ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ ասելով, թե հայկական կողմն ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծն այդ տեսանկյունից չէր բավարարում հայկական կողմին:
Նա նաև հավելել էր՝ ցավալի է, սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ հաջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին հայտարարության ընդունումը կապեցին «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման միաժամանակյա ընդունման հետ, ինչի արդյունքում բոլոր երեք փաստաթղթերն ուղարկվեցին լրամշակման:
ՀԱՊԿ-ում ՀՀ իշխանությունների վերոնշյալ դիրքորոշումն այդքան էլ նորություն չէ, քանի որ հոկտեմբերի 12-ին Աստանայում Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն անցել էր լարված մթնոլորտում, համապատասխանաբար՝ շեշտադրումներով, որոնցից ակնհայտ էր դառնում, որ Հայաստանին ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, որպես ռազմավարական գործընկեր, հարկավոր է Ադրբեջանի ագրեսիայի դատապարտում, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերին դուրս բերելուն ուղղված ճանապարհային քարտեզ:
168.am-ի մոսկովյան մերձդիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, իրականում առաջին անգամ ՀԱՊԿ-ը առանց Ադրբեջանին ուղղված ուղիղ դատապարտող ձևակերպումների պատրաստ էր հանդես գալ ի շահ Հայաստանի՝ տրամադրելով օգնություն այնքան, որքան ներկայումս ՀԱՊԿ-ը ու Ռուսաստանը կարող են:
Ըստ նրա, պետք է հաշվի առնել այն առանձնահատկությունները, որն ունի ՀԱՊԿ-ը, ՀԱՊԿ-ը երբեք չի եղել «միատարր», միասնական կազմակերպություն, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հանդեպ, Ռուսաստանը ևս բազմաթիվ մերժումներ է ստացել իր ՀԱՊԿ գործընկերներից ժամանակին, ու դա գոնե հրապարակային դաշտում չի շահարկվել հավելյալ ռեպուտացիոն խնդիրներից խուսափելու նպատակով:
Բացի այդ, նա նաև ասաց, որ ՀԱՊԿ-ը, բացի հավաքական անվտանգային կառույց լինելուց, քաղաքական ու դիվանագիտական օրգան է, ուստի առաջնորդվում է նաև այդ հանգամանքից ելնելով, խնդիրները ձևակերպելով դիվանագիտորեն: Ներկայիս առանձնահատկությունների շարքում, մեր զրուցակցի խոսքով, կարևոր է նաև Ռուսաստանի միջազգային իրավիճակը և ավելի մեծ խոցելիությունը նախկինի համեմատ:
«Եվ նույնիսկ այս պայմաններում ՀԱՊԿ-ի նման կառույցի դեպքում կար գործողության պատրաստակամություն, ինչը, միևնույն է, դիտարկվելու էր, որպես աջակցություն Հայաստանին, որը ՀԱՊԿ անդամ երկիր է և ստանում է ինչ-որ ՀԱՊԿ աջակցություն: Սակայն նախընտրությունը տրվեց հրաժարվել դրանից՝ հանուն քաղաքական գնահատականի, որպեսզի Հայաստանում ռուսատյաց տրամադրությունները խորանան և ՀԱՊԿ-ը շարունակվի ներկայացվել՝ որպես անօգուտ կառույց: Սակայն Հայաստանում են ԵՄ դիտորդներ, ինչո՞վ են նրանք զբաղվում, միայն դիտորդությամբ, սակայն ՌԴ դաշնակից Հայաստանին հարկավոր չեն ՀԱՊԿ դիտորդներ: ՀԱՊԿ-ը, որպես կազմակերպություն, հեղինակազրկելուն և Հայաստանի ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանից կտրելուն ուղղված հերթական քայլն էր պարզապես, որը ծառայեց իր այդ նպատակին»,- ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումների բուն պատճառն աշխարհաքաղաքական է:
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանություններն ավելորդ ժամանակ ու ջանք են վատնում ՀԱՊԿ-ի ուղղությամբ այդքան կենտրոնանալու վրա, որի նպատակադրումն իրեն անիմաստ ու անհասկանալի է թվում այն դեպքում, երբ պարզից էլ պարզ է, որ քաղաքական գնահատականն իրենով որևէ խնդիր չի լուծում:
«Այնքան ենք քննարկել այդ հարցը, երբեք ու որևէ մեկի համար գաղտնիք չի եղել, որ ՀԱՊԿ-ում կան Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունեցող երկրներ, որոնց համար բարդ է այդ ճանապարհը:
Անկեղծ ասած, ինչ պատրանքներ ունեն ՀՀ իշխանությունները, այն էլ՝ հիմա, երբ աշխարհը խառնված է, բոլոր երկրները՝ զգուշավոր, խուսափելով անկայունություններից, բարդ է ասել: Ռուսաստանը նույնիսկ այդ կառույցի միջոցով չի դիմում իր գործընկերներին:
Սակայն ակնհայտ է նաև մեկ այլ բան, որ չնայած ՀԱՊԿ-ն անգործունակ է, Ռուսաստանը պահպանելու է այդ կառույցը՝ ելնելով իմիջային նկատառումներից, ինչպես ԱՊՀ-ի դեպքում»,- ասաց նա: