Ոչ թե դիտորդներ, այլ քաղաքական գնահատական. Միրզոյանը փորձում է ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի առջև պայման դնել

ՀՀ իշխանություններին ՀԱՊԿ-ից ու ՀԱՊԿ–ում Հայաստանի դաշնակիցներից, Ռուսաստանից ոչ թե դիտորդական առաքելություն, այլ քաղաքական գնահատական է հարկավոր: Սա, իհարկե, լիովին տեղավորվում է վերջին շրջանում ակտիվացած ՀՀ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության կոնտեքստում:

Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումից հետո ավելի ակտիվ փուլ մտած արշավը ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի դեմ Հայաստանում քարոզչատեղեկատվական դաշտից տեղափոխվում է քաղաքական հարթություն:

Ի տարբերություն 44-օրյա պատերազմի, սեպտեմբերյան հարձակման դեպքում, որոշ հասցեական հայտարարություններ ստանալով Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից (որոնք տեղավորվում են Հարավային Կովկասում այս երկրների աշխարհաքաղաքական նպատակների շրջանակում և ընդունելով դիտորդներ ԵՄ-ից, ակնկալելով դիտորդներ ԵԱՀԿ-ից և այլևս բացահայտ հայտարարելով, որ չեն կարող լինել Արցախի համար անվտանգության երաշխավոր), ՀՀ իշխանություններն արդեն ավելի համարձակ ու բացահայտ են գործում Ռուսաստանի դեմ:

Սեպտեմբերյան հարձակումից հետո Ռուսաստանի Դաշնությունը և ՀԱՊԿ–ում ՀՀ գործընկերներն իսկապես չաջակցեցին Հայաստանի Հանրապետությանը, փորձեցին խուսափել հնարավոր հասցեական հայտարարություններից:

Սա ռուսաստանցի վերլուծաբանները բացատրում են թե՛ դիվանագիտական անփութությամբ, թե՛ Ռուսաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակով, թե՛ Ռուսաստանի՝ Թուրքիայից կախվածությամբ, որն օրեցօր ավելի ու ավելի մեծ ծավալների է հասնում:

Սա իսկապես հարմար պատրվակ դարձավ է՛լ ավելի մեծ թափով ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի քննադատությանը լծվելու համար՝ դրա փոխարեն չունենալով արդեն իսկ ձևավորած անվտանգային ու այլ բնույթի այլընտրանքներ՝ ՀՀ անվտանգությունը ենթարկելով հերթական ցնցման: Սկսեցին շրջանառել ՀԱՊԿ-ից անմիջապես դուրս գալու և Արևմուտքում անվտանգության երաշխիքներ փնտրելու կարգախոսներ, թեմաներ, որ ՀԱՊԿ-ի կազմում մնալը թույլ չի տալիս զենքի այլ մատակարարներ ներգրավել և այլն: Թեև զուգահեռաբար ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջին շրջանում երեք օտարերկրյա այց է կատարել, որոնցից մեկը՝ դեպի ԱՄՆ, մյուսը՝ Ֆրանսիա, և երրորդը՝ Հնդկաստան, որի դեպքում զենքի վաճառքի տեղեկատվություն է հայտնվել հնդկական մամուլում:

Իրանական մամուլում նույնպես տեղեկատվություն հայտնվեց, թե հայկական կողմը հետաքրքրված է իրանական կամիկաձե դրոններով: Այս ամենը, իհարկե, հաստատման կարիք ունի, ու նման բնույթի գործարքների մասին պաշտոնական տեղեկատվություն տրվում է միայն դրանց իրականացման վերջնական փուլում:

Սակայն այս ուղղությամբ աշխատանքը դեպի Արևմուտք ակնհայտ է, որին ՀԱՊԿ անդամակցությունը, թերևս, չի խոչընդոտում: Ավելին, ըստ դիվանագիտական շրջանակների, Հայաստանը կարող է զենքի այլ մատակարարների հետ աշխատել, ինչպես նախկինում, առանց հայ-ռուսական հարաբերություններում և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում ցնցումներ ստեղծելու Հայաստանի համար այս աննախադեպ բարդ աշխարհաքաղաքական շրջափուլում:

Վերադառնալով ՀԱՊԿ դիտորդների թեմային՝ նշենք, որ օրերս Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ ՀՀ-ն դիմել էր կազմակերպությանը, և այդ կազմակերպությունում որոշում է կայացվել, այսպես ասած, նախնական դիտորդական կամ փաստահավաք առաքելություն ուղարկել։

«Եկել են այդ պաշտոնյաները և իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել: Զեկույցը ներկայացված է բոլոր անդամ պետություններին։ Քարտուղարությունը նաև զեկույցի հիման վրա այժմ որոշման նախագիծ է շրջանառել:

Մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ, մինչ այս պահը գոնե, երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի, այսինքն՝ բարձրագույն մարմնի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաև այդ նոր դիտորդական առաքելության գործուղումը։ Այս փուլում ենք այժմ։ Որոշում չկա, քննարկումներ կան։ Պետք է տեղի ունենա խորհրդի նիստ: Նաև այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները: Մեզ նախ և առաջ պետք է հասկանալ, որքանով է կազմակերպությունը ճանաչում իրավիճակը, որը կա, այն է` ագրեսիա Հայաստանի Հանրապետության դեմ և ներխուժում ՀՀ սուվերեն տարածք»,- ասել էր Արարատ Միրզոյանը, ըստ էության դիտորդական առաքելությունից առաջ կարևորելով քաղաքական գնահատականը:

Ի դեպ, հոկտեմբերի 12-ին Աստանայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ակնարկեց, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, պետք է անձամբ ժամանակ գտնի ու կազմակերպի նման նիստ, պնդելով, թե իրենք պատրաստ են ցանկացած ժամանակ ցանկացած ձևաչափով նման նիստի ու դիտորդներ ուղարկելու որոշման ֆորմալ հաստատման: Սա Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների աննախադեպ հանդիպում կարելի էր որակել, որն անցավ չափազանց լարված մթնոլորտում:

Նախօրեին էլ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության արդյունքները և Երևանին օգնություն ցուցաբերելը կքննարկվեն Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:

«Այժմ մշակվում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նստաշրջանի անցկացման հարցը։ Բոլոր հարցերի վերաբերյալ որոշումները կկայացնեն Կազմակերպության ղեկավարները»,- նշել էր Զախարովան։

Սակայն մինչ այդ նիստը տեղի կունենա, Հայաստանում են երկամսյա ժամկետով ԵՄ դիտորդները, ԵԱՀԿ-ն ևս առաքելություն կուղարկի Հայաստան, իսկ ՀԱՊԿ դիտորդների հարցը մինչ այս պահը մնում է օդից կախված վիճակում:

Ուշագրավն այն է, որ, թերևս, որևէ վերլուծաբանի համար հասկանալի չէ, թե ԵՄ քաղաքացիական և ԵԱՀԿ առաքելություններն ինչպիսի զսպող դերակատարություն կարող են ունենալ ռեգիոնում,  եթե նոր հարձակում, էսկալացիա կամ կրակահերթեր լինեն:

Ըստ էության ՀՀ իշխանությունները ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի վերափոխման ակտիվ փուլում են, որն այլևս տեղափոխվել է հրապարակային դիվանագիտաքաղաքական դաշտ:

Իսկ թե ինչ նոր գին կունենա այն Հայաստանի համար՝ ցույց կտա ժամանակը:

Տեսանյութեր

Լրահոս