Արցախի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նախկին ոստիկանապետ, Արցախի ԱԱԾ-ի նախկին պետ Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակումների հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են Արցախի դատախազության լրատվական ծառայության։
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Hetq.am» կայքում հրապարակվել էր «Կամո Աղաջանյանին կրկին ուզում են պաշտոն տալ Արցախի կառավարությունում» վերտառությամբ հոդվածը (հղումը՝ այս հասցեով. https://hetq.am/hy/article/150516), որում հեղինակը նշել էր նաև հետևյալը. «Ահա մի դրվագ նրա գործունեությունից: Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հադրութ քաղաքում գործում էր «ԱԿ» անվանումով ռեստորան, որը պատկանում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին։Այստեղ աշխատում էր նրա մտերիմ Աշոտ Ամիրջանյանը: Վերջինս Կամո Աղաջանյանի պաշտոնավարման ողջ ընթացքում ձևականորեն ձևակերպվել ու աշխատավարձ է
տարբեր պետական մարմիններից. նախ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, այնուհետև՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, երբ Կ.Աղաջանյանը ղեկավարում էր Գորիսի կորպուսը, իսկ վերջում՝ Արցախի ոստիկանությունից: Այստեղից էլ Աշոտ Ամիրջանյանը անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի: Մինչդեռ «աշխատանքային գործունեության» այդ ողջ ընթացքում Աշոտ Ամիրջանյանը Հադրութում աշխատեցնում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին պատկանող ռեստորանը: Կամո Աղաջանյանը մեծ հողատարածքներ ուներ ազատագրված շրջաններում, փայտի բիզնեսում էր ներգրավված, խանութներ, սննդի կետեր:»:
Նկատի ունենալով, որ վերոգրյալում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին վկայող տվյալներ, ուստի հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար»։