Ինչպես Մարտիրոս Սարյանի «Օպերային թատրոնի կառուցումը» կտավի իշուկը դարձավ Արփի Մաղաքյանը հեքիաթի հերոսը
«Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ» Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաև Մ. Սարյանի տուն-թանգարանի բացման 55 ամյակի նախօրեին թանգարանի ֆոնդարանից հանվել և ներկայացվել է Մարտիրոս Սարյանի «Օպերային թատրոնի կառուցումը» կտավը։
Կտավում վարպետն անմահացրել է թատրոնի կառուցման տեսարանը։ Սարյանի կտավը դիտողն ականատես է լինում այն սակավ տեխնիկական հնարավորություններին, որոնք օգտագործելով՝ կառուցել են այնպիսի մի հրաշք, որը Երևանի զարդն ու խորհրդանիշերից է առ այսօր։ Կտավում տեսնում ենք ավանակի, որը կրում է ծանր բեռ։ Ահա հենց այս ավանակն է ապրում հեքիաթագիր Արփի Մաղաքյանի «Իշուկն ու ուրվականը» հեքիաթում։
Հեքիաթագիրը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես և երբ է մտահղացել գրել իշուկի մասին պատմությունը. 16 տարեկանում շատ էր սիրում միայնակ այցելել թանգարաններ և, թերևս, Մարտիրոս Սարյանի «Օպերային թատրոնի կառուցումը» կտավն առավել տպավորվել է.
«Մտապահել եմ ավանակին, որն օգնում է Օպերային շենքի կառուցմանը: Եթե պատկերացնենք, թե որքան դժվար է եղել, և այսօրվա տեխնիկան համեմատենք այն ժամանակվա հետ՝ հրաշք է, որ այսօր ունենք Օպերայի շենքը: Իհարկե, հրաշք է նաև վարպետի կտավը և այն, որ նա անմահացրել է:
Երբ հեքիաթ էի գրում կամ երեխաներիս էի պատմում, անընդհատ այս իշուկն ինձ հետևում էր, և ստեղծվեց իշուկի մասին հեքիաթը: Նա ունի կարճ ականջներ, բայց ականջները երկարում են, որովհետև ուզում է դասական երաժշտություն լսել»,- մանրամասնեց Արփի Մաղաքյանը:
Մեր հարցին՝ այսօր երեխաների մոտ նկատո՞ւմ է սեր դեպի հեքիաթները, քանի որ ավելի շատ հեռախոսներին, համակարգիչներին են ժամանակ հատկացնում, հեքիաթագիրը համաձայնեց մեր դիտարկման հետ, ապա ասաց. «Ճիշտ եք, երեխաները շատ են համակարգչով զբաղվում, և իմ գործունեությունը նրա համար է, որ ստեղծեմ հրաշալի գրքեր, որ երեխան կտրվի համացանցից: Ծնողներին խորհուրդ կտամ, որ հեքիաթներն արագ-արագ չկարդան երեխաների համար ու որոշեն, որ գիրքը պետք է վերջացնեն: Պետք է կարդան դանդաղ և ամեն հեքիաթից հետո այցելեն համապատասխան վայր՝ «Երևանյան հեքիաթների» դեպքում»:
Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Սոֆի Սարյանը, անդրադառնալով միջոցառմանը՝ նկատեց. «Մենք տեսնում ենք, թե ինչ ձև է կառուցվել Երևանի Օպերային թատրոնը: Սարյանն ականատես է եղել նրան, թե ինչպես է կառուցվել այս հրաշալի շենքը, որը Երևանի սիմվոլն է: Կառուցվել է ոչ թե մեքենաներով, այլ մարդիկ գրեթե ձեռքով են կառուցել, փորել են հիմքը, և իրենց օգնել են եզներն ու իշուկը»:
Հավելենք, որ 1926 թվականի հունվարին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով։ Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։