Ինչո՞ւ Պուտինը չեկավ նոյեմբերի 22-ին, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը: Ռազմական դաշինքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ. օրերս այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, սակայն, հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ի հեռախոսազրույցը ՌԴ նախագահի հետ, ըստ որի՝ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի ամսաթիվ էր նշվում նոյեմբերի 22-ը:

«Այսինքն՝ այդ պահի դրությամբ ենթադրվում էր, որ Պուտինը նոյեմբերի 22-ին պետք է ժամաներ Հայաստան, ընդ որում՝ առանձին այցով, և ոչ թե՝ ՀԱՊԿ նիստին մասնակցության համար, և միայն նոյեմբերի 23-ին է մասնակցելու այդ նիստին:

Ի դեպ, Պուտինի դեմ, հակառուսական գործիչները ևս, որոնք ակցիաներ էին նախապատրաստում, հենց նոյեմբերի 22-ի համար էին պատրաստվել:

Սա բավականին հետաքրքիր է, որովհետև Պուտինին շատ վաղուց է Փաշինյանը հրավիրում ՀՀ, ու դեռևս գարնանից Արարատ Միրզոյանն էր հայտարարել՝ ՌԴ նախագահին աշնանը սպասում են ՀՀ-ում:

Սակայն ՌԴ նախագահը նոյեմբերի 22-ին չեկավ, ինչը նշանակում է, որ Պուտինը ոչ թե այց է անում Հայաստան, այլ ընդամենը գալիս է ՀԱՊԿ համաժողովին մասնակցելու, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ՌԴ նախագահի՝ որևէ կարգավիճակով ՀՀ այցի համար չի հաջողվել ձևավորել օրակարգ»,- պարզաբանեց քաղտեխնոլոգը՝ չբացառելով երկկողմ հարաբերություններում հավանական խնդիրները:

Ինչ ակնկալել Պուտին-Փաշինյան այսօր նախատեսված հանդիպումից՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Վիգեն Հակոբյանը հիշեցրեց. «Այս այցից առաջ, որը ՀԱՊԿ շրջանակներում է, Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ և, ըստ էության, քննարկվեց այն օրակարգը, որը եղել է Սոչիում, և մինչ այդ՝ ՌԴ միջնորդությամբ եռակողմ ստորագրված բոլոր փաստաթղթերի ընթացքը:

Այսինքն՝ գալուց առաջ օրակարգերի հստակեցում արեց Ալիևի հետ: Այստեղ, պարզ է՝ խոսելու են Սոչիից հետո ստեղծված իրավիճակի, մինչև Սոչի եղած հարցերի և Արցախի շուրջ գործընթացների մասին: Պարզ է՝ այստեղ Պուտինը շարունակելու է այն աշխարհաքաղաքական մոդերատորի գիծը, որը փորձեց վերադարձնել Սոչիում»:

Անդրադառնալով ՀԱՊԿ դերակատարմանը՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ ի սկզբանե հասկանալի էր, որ այդ կառույցը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ որևէ ֆունկցիոնալ գործունեություն չի կատարելու, սակայն կա ՌԴ գործոնը, որը, ցանկության դեպքում, ֆունկցիոնալ է:

«ՀԱՊԿ անդամ երկրներին էլ է հայտնի, որ այդ կառույցը ռազմաքաղաքական ակումբ է և հակամարտության գոտում՝ ոչ գործունակ։ Մենք հիմա խոսում ենք Հայաստանի մասին, բայց ՀԱՊԿ անդամ երկու երկիր՝ Ղրղըզստանը և Տաջիկստանը, իրար հետ ունեն սահմանային խնդիր և միմյանց միջև պատերազմում են։ Պատկերացրեք՝ երկուսն էլ դիմեն ՀԱՊԿ-ին՝ ի՞նչ կլինի:

Այդ ակումբում մնալը ռազմաքաղաքական և անվտանգային առումով օգուտ չի տալիս, բայց չմնալը կարող է վնասել ուղղակիորեն, որովհետև այդ պարագայում չես կարողանում հույս ունենալ նաև ՌԴ համապատասխան աջակցության վրա»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս