«Հպարտ եմ, որ ինքը Վահեի ախպերն ա»․ Ծնվել է Շուշիի պաշտպանության մարտերում զոհված Վահե Կարապետյանի եղբայրը՝ Վանը

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի պաշտպանության մարտերում զոհված Վահե Կարապետյանի ծնողներն արու զավակ են լույս աշխարհ բերել։ Նորածնին ծնողներն անվանակոչել են Վան։

Տիկին Անահիտը հիվանդասենյակում մի ձեռքով նորածին որդուն էր գրկել, մյուս ձեռքին հերոս որդու՝ Վահեի լուսանկարն էր պահել և Վանին եղբոր սխրանքների մասին էր պատմում։

Տիկին Անահիտն ասում է՝ երեխա լույս աշխարհ բերելը Վահեի ցանկությունն է եղել, դեռ տարիներ առաջ էր ծնողներին խնդրել իր և փոքր քրոջ համար ևս մեկ քույր կամ եղբայր ունենալ․

«Կատարել ենք իր ամենակարևոր նպատակներից մեկը։ Այսօր ինքը երկնքից տեսնում է, որ ծնողներն իր ամենակարևոր նպատակն իրականացրել են։ Բանակից զանգում, ասում էր, մա՛մ, պա՛պ, բանակից գամ, տեսնեմ՝ նորությունն անկողնում պառկած լինի, չէր նշում՝ ոչ աղջիկ, ոչ տղա, ոչ էլ անուն է նշել։ Բանակից եկավ, էլի ասում էր՝ խնդրում եմ, մեզ համար երեխա ունեցեք․․․

Կարդացեք նաև

Վանը ինձ համար մի հատ ուրիշ աշխարհ է, ես ապրում եմ իրենով։ Հարազատներն ասում են, որ դիմագծերով Վահեին է շատ նման»։

Տիկին Անահիտը պատմեց, որ կռվի օրերին Վահեն ասել է, եթե իրեն զինկոմիսարիատից կանչեն, գնալու է, և, որ ծնողները չփորձեն իրեն հետ պահել այդ որոշումից․

«Ասում էր՝ ես փալաս չեմ, որ փողոցում քայլեմ, իսկ ինձնից փոքր տղաները, իմ ախպերներն առաջնագծում զենքը ձեռքին կռվեն։ Ասաց՝ մամ ջան, ես փալաս չեմ․․․»։

Տիկին Անահիտն ասաց՝ հաշվի առնելով իր և ամուսնու տարիքը, գիտակցել են, որ հնարավոր է՝ խնդիրներ առաջանան, բայց ռիսկի են դիմել, և այսօր մեծ ուրախությամբ է գրկում Վանին․

«Երևի Աստված մեր կողմից էր, և իր հզորության շնորհիվ մենք կարողացանք հասնել վերջնակետին, ու այսօր երջանիկ գրկում եմ իմ բալիկին։ Հպարտ եմ, որ ինքը Վահեի ախպերն ա, կարծում եմ, որ ինքն էլ մեծանա՝ նույն հպարտությունը կզգա, որ Վահե անունով ախպեր ա ունեցել»։

Նշենք, որ Վահե Կարապետյանը մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6-ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, վիրահատվել ու տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ գիտակցության չգալով՝ նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ, մահացել է։ Վահե Կարապետյանը մասնագիտությամբ դեղագործ էր, ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատում էր News.am-ում՝ որպես օպերատոր, մոնտաժող:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս