Շնորհավո՛ր լրագրության նահապետի 2429885304-երորդ երկվայրկյանադարձը
Աշխարհի գեղեցկագույն քաղաքներից մեկում՝ Բեյրութում է այսօր՝ 1945 թվականի նոյեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել մի մարդ, որին արեւելքն ու արեւմուտքը գուրգուրել են համաչափ, իր տիրապետած 5 լեզուները՝ հայերենն ու թուրքերենը, ֆրանսերենն ու անգլերենը, անշուշտ՝ արաբերենը բացել են հնչյունների, բառերի, հաղորդակցության տիեզերքը, ճանապարհ տվել աստվածատուր շնորհին՝ երգեցողությանը, որն այս պարագայում այլ բան չէ, քան ներշունչ-արտաշունչ բնության ճոճքը: Նա իր ամենամեծ հոնորարը հենց բեմում երգելով է վաստակել, բայց… երակներում թանաք ունեցող մարդը պարտադրված է գրել:
Անցյալ դարի՝ 1970-80-ականների հայ գրագետը Յակոբ Ավետիքեանի մտավոր սեփականությունը յուրացնում էր՝ 15 տարի շարունակ կարդալով նրա խմբագրած «Զարթօնքը», որ ընդհատվեց… հայոց հողի վրա ծնունդով՝ 1991-ի փետրվարի 16-ին Երեւանում լույս տեսավ անկախ Հայաստանի առաջին թերթը՝ «Ազգը»: Մի կայան, կամ՝ ավելի ստույգ տապան, որտեղ հավաքվեցին անկախ միտք եւ բարոյական արժեքներ դավանող պրագմատիկ եւ երազներ ունեցող մարդիկ: Ազատ աշխարհից, ֆրանսիական օծանաբույրով, քննադատական սուր հայացքով, ազատ կարծիք ձեւավորող Ավետիքյանը «Ազգ»-ում, «Ազգ»-ով միջավայր կերտեց, որ դարձավ Երեւանի այցեքարտ՝ սփյուռքահայության, ՀՀ-ում պաշտոնավարող օտարերկրյա դեսպանությունների, հատկապես օտարերկրյա լրագրողների համար: Նրանցից գերմանական «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» լրագրողը դիպուկ էր նկատել՝ գլխավոր խմբագիր Ավետիքյանի սենյակի ճոխությունը A4- ի վրա տպագրված հոդվածներով ծանրաբեռնված գրասեղանն է, աշխարհի զարկերակը որսացող արբանյակային կապով հեռուստացույցը, առաջին Macintosh Classic-ը:
«Ազգի» հիմնադիր գլխավոր խմբագիրը շռայլ ժառանգություն է ստացել՝ նա Մեծ Հայքի, Կիլիկիայի, Սփյուռքի, անկախ Հայաստանի ամրոցների բանալիները չի հանձնել օտարի, իսկ իր մտավոր, գրավոր, տպագիր տարածքում բազմաշխարհ իր այդ կապիտալը բաշխում է ընթերցողին: Խմբագրի նրա սյունակը մի՛շտ է հետաքրքիր, աշխարհում կարեւորի, Հայաստանում, Արցախում, Սփյուռքում գլխավորի մասին ազդարարում: Նորի մուտքը միշտ ողջունող, թվային աշխարհին չընդդիմացող Հակոբ Ավետիքյանն ավանդույթին հավատարիմ է՝ դասական է՝ գրում է գրիչով, քանզի երակներում թանաք է:
Շնորհավո՛ր տարեդարձդ, հայ լրագրության նահապե՛տ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԳՐՉՈՎ` «ԱԶԳ» թերթի խմբագրակազմ