Օրվա իշխանությունների ջանքերով իրանական կողմը դադարեցրեց երրորդ բարձրավոլտի շինաշխատանքները. Արմեն Մանվելյան

Իրանի էներգետիկայի նախարարն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանն առաջիկայում կիրականացնեն էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը։

Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը Էլեկտրաէներգիայի արդյունաբերության 22-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ նշել է, որ արդեն իսկ կատարվել է նախնական համաժամացում Ռուսաստանի էլեկտրացանցերի հետ, և արդյունավետ տեխնիկական քայլեր են ձեռնարկվել Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև էլեկտրական ցանցի ընդհանուր համաժամացման համար, որպեսզի երկիրը կարողանա էլեկտրական կապ ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչը կապահովի երկրի էլեկտրաէներգիայի կայունությունը:

Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս ծրագրին՝ այն որակեց ֆանտաստիկայի ժանրից:

«Սա երբեք չի կարող աշխատել, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող սինքրոնացնել իրենց էլեկտրաէներգետիկ համակարգերը՝ պայմանավորված նախ՝ տեխնիկական ամենատարբեր խնդիրներով, ապա նաև՝ հանգամանքով, որ սա չի բխում մեր շահերից: Հայաստանն իր համակարգը սինքրոնացրել է Վրաստանի և Իրանի հետ, բայց Ադրբեջանի հետ հնարավոր չէ՝ վտանգներ կան, և նման բան անել ուղղակի չի կարելի:

Չնայած մյուս կողմից էլ՝ այսօրվա իշխանություններից ամեն տեսակի որոշումների տակ ստորագրելը զարմանալու առիթ չի կարող տալ. ամեն ինչ կարող են անել, բայց դա տեխնիկապես հնարավոր չէ»:

Այս համատեքստում անդրադառնալով Հայաստան-Իրան էներգետիկ գործակցության այլ հարցերի` մասնագետը հիշեցրեց, որ իշխանափոխությունից հետո գործակցության ծրագրերը հապաղել են՝ ինչպես, օրինակ, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը:

«Այն դեռ 2019 թվականին պետք է շահագործման հանձնվեր, բայց 2022 թվականի ավարտն է՝ դեռ ավարտն անորոշ է: Այսօրվա իշխանությունների ջանքերով իրանական կողմը դադարեցրեց երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները: Իսկ դրա ֆինանսավորումն իրականացնում էին իրանական ընկերությունները, և Իրանի հետ հարաբերությունների վատթարացումը, ինչով զբաղվում էին այսօրվա իշխանությունները մինչև վերջերս, հանգեցրեց նրան, որ այս համակարգը չկառուցվեց: Բայց երրորդ բարձրավոլտ համակարգ պետք է լինի, որ կարողանանք ավելի շատ գազ ներմուծել և ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել:

Գնացել, նոր հուշագիր են ստորագրել. հուսանք՝ դրանից հետո ինչ-որ բան տեղից կշարժվի, ինչը տվյալ իշխանությունների պարագայում քիչ հավանական եմ համարում»:

Հիշեցնենք՝ «Հանրային հեռուստաընկերությանը» տված վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտից հետո պատրաստ է ավելի շատ գազ վերցնել Իրանից՝ հետո Իրանին ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս