Որոշումը կամ թղթին կմնա կամ պետությունը քաղաքացու գրպանը կմտնի. քաղաքացիները` հայտարարագրման մասին

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող կարգավորումների նախագծին։

«Համակարգի ներդրումն իրականացվելու է 3 փուլով։ Առաջին փուլում 2023 թվականի համար նախատեսվում է հայտարարատու համարել այն քաղաքացիներին, որոնք հանրային ծառայության օրենքի համաձայն՝ զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ։

Երբ քաղաքացին հանդիսանում է բաժնետեր մի կազմակերպությունում, որի եկամուտները, շրջանառությունը 2022 թվականի արդյունքներով գերազանցել են 1.000.000.000 դրամը։

Այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացած կլինեն 20.000.000 դրամ և ավելի փոխառություններ, վարկեր։

Այն քաղաքացիները, որոնք այս պահի դրությամբ կամ 2023 թվականի դրությամբ հանդիսանում են հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների գծով եկամտային հարկի փոխհատուցումներ ստացողներ։

Եվ այն քաղաքացիները, որոնք արտերկրից են եկամուտներ ստացել»։

Երկրորդ փուլով՝ 2024թ. թվականին, նախատեսվում է հայտարարատու համարել այն քաղաքացիներին, որոնք առաջին խմբի մեջ չէին, բայց հանդիսանում են վարձու աշխատողներ մասնավոր հատվածի կազմակերպություններում կամ քաղաքացաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ։

Վերջին՝ երրորդ փուլը 2025 թվականին է, որով հայտարարատու բոլոր քաղաքացիները համակարգում ներառված կլինեն։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը՝ շեշտեց, որ հայտարարագիրը չներկայացնելու համար նախատեսում են պատասխանատվություն, նախնական՝ 20.000-300.000 դրամ տուգանք։

168.am-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ։

«Ես չեմ ցանկանա, որևէ մեկն իմանա, թե ինչքան գումար են ինձ փոխանցում։ Ինձ թվում է՝ ցանկալի չէ ոչ մեկին»,- ասաց հարցված քաղաքացիներից մի կին։

Անցորդներից մի տղամարդ էլ այսպես արձագանքեց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը․

«Ճիշտն ասած՝ չեմ պատկերացնում, թե դա ո՞նց պետք է տեղի ունենա։ Ինչպես շատ որոշումներ, սա էլ հերթական անգամ կամ պետք է թղթին մնա, կամ պետությունը լրացուցիչ անգամ պետք է քաղաքացու գրպանը մտնի, իր հարցերը լուծի։ Բոլոր դեպքերում բացասական եմ վերաբերվում, դա նորմալ չի, մեր պայմաններում՝ սոցիալական դժվարություններ, առավել ևս այսօր տեղի ունեցող գնաճի աշխարհաքաղաքական ծանր կացության մեջ հայտնված  վիճակում, չեմ կարծում, որ դա նորմալ երևույթ է։ Առավել ևս, որ գործազրկությունը շատ մեծ ծավալներ ունի, այդ նախագծի հետևանքները այնքան էլ լավ չեն լինի։ Այսինքն՝ չաշխատող քաղաքացուն եթե օգնում են, նրա հաշվին պետությունն իր հարցերը լուծի, մի քիչ զավեշտ կա։ Ինչ-որ տեղ՝ զավեշտ, ինչ-որ տեղ՝ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։ Ինչպես նշում էին՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չի, տուգանքի չէ, բայց պատիվ պետք է համարի՝ պետության համար, ինչ ունի-չունի՝ տա»։

Հարցվածներից մի կին էլ ասաց, որ հայտարարագրման մեջ որևէ վատ բան չի տեսնում․

«Եթե մարդիկ մաքուր աշխատում ապրում են, դրսից նորմալ եկամուտ են ստանում, որի մասին չեն թաքցնում, ի՞նչ կա որ, նորմալ եմ համարում»։

Քաղաքացիներից մեկ ուրիշն էլ, որ դեմ չէ պարտադիր հայտարարագրմանը, ասաց՝ բացառությամբ դրսից փոխանցվող գումարների․

«Եթե դրսից է տրանսֆերտները գալիս Հայաստան, դա հայտարարագրելը մի քիչ աբսուրդ է»։

«Մտնում են ժողովրդի գրպանը, ժողովուրդը ստիպված լքում է երկիրը․․․»,- ասաց հարցվածներից մեկ ուրիշը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս