Ուկրաինայի հակամարտությունն ամենից շատ վնասում է համաշխարհային տնտեսությանը. ԱՄՀ-ի ղեկավար
Ուկրաինայի հակամարտությունը գլխավոր բացասական գործոնն է համաշխարհային տնտեսությունում եւ կշարունակի դրա վրա ազդել, ամենայն հավանականությամբ, նաեւ 2023 թվականին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 17-ին CNBC հեռուսաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան:
«Մենք կարծում ենք, որ հակամարտությունն Ուկրաինայում ամենակարեւոր բացասական գործոնն է համաշխարհային տնտեսության համար այս տարի, եւ, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարի: Այն ամենն, ինչ հանգեցնում է անհանգստության մեծացման, անշուշտ, վնասում է աճի հեռանկարներին եւ մարդկանց պահանջնմունքների եւ ակնկալությունների բավարարմանն ամբողջ աշխարհում»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՀ-ի հետազոտական կենտրոնի աշխատակից Թրյուգվի Գուդմոնդսոնը հայտարարել է, որ կազմակերպության վերջին կանխատեսումը համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ եղել է ավելի հոռետեսական, քան անցյալ ամսին Ուկրաինայի հակամարտության հետեւանքների եւ գնաճի պատճառով: Հոկտեմբերին 2023 թվականի համար համաշխարհային տնտեսության աճի՝ ԱՄՀ-ի կանխատեսումը նվազել է մինչեւ 2,7 տոկոս՝ հունիսի 2,9 տոկոսից եւ հունվարի 3,8 տոկոսից: