Մտահոգված եմ՝ հանրահավաքին չէին մասնակցում. Փաշինյանը դիմում է ԱԳՆ-ից հեռացած դիվանագետներին
«Միջխորհրդարանական կապերի գաղափարին մենք դրական ենք վերաբերվում, բայց եթե ուշադրություն եք դարձրել Սոչիի եռակողմ հայտարարության ձևակերպմանը, այնտեղ կարևորվում է առկա մթնոլորտի բարելավումը՝ նման կապերը հաստատելու և զարգացնելու համար: Հատկապես այս առումով հումանիտար հարցերի լուծումը կամ առնվազն էական առաջընթացը շատ կարևոր է, որովհետև երբ կան հումանիտար հարցեր, նաև պետք է հասկանանք, որ մեր բոլոր մակարդակի պատվիրակների համար չափազանց դժվար է հումանիտար հարցերի առկայության պայմաններում, շատ սուր հարցերի պայմաններում, այդ թվում՝ գերեվարված անձանց խնդրի առկայության պայմաններում գնալ և ուղղակի քննարկել միջխորհրդարանական հարցեր»,- այսօր ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ դիվանագետներին վճարվող դրամային բավարարումներին՝ նշելով, որ դրանք համապատասխանեցրել են ՄԱԿ-ի ստանդարտներին. «Դա ուղղություններից մեկն է, որպեսզի մեր դիվանագիտական ծառայությունը դարձնենք ավելի արդյունավետ: Ուզում ենք մեր դեսպանատների կարողությունները ավելացնել: 2018-19թթ. արդյունքներով ես նկատեցի մի տարօրինակ և անընդունելի փաստ: Մենք նկատեցինք, որ մեր դեսպանատների ֆինանսավորմանը մասնակցում են մասնավոր անձինք: Մենք շնորհակալ ենք Սփյուռքի մեր այն հայրենակիցներին, ովքեր 90-ականների սկզբին, երբ նույնիսկ կարգին բյուջե չի եղել, դեսպանատներ հիմնելու և այլնի համար աջակցել են, բայց կներեք, 2019, 2020, 2022թ. մասնավոր ֆինանսավորո՞ւմ դեսպանատան: Պատկերացրեք՝ Հայաստանում լինի ոստիկանության բաժին, որի փողը տալիս է, ասենք՝ մասիվցի մեր սիրելի հայրենակից այսինչ այսինչյանը. Մեր ռեակցիան ի՞նչ կլինի: Ես խնդիր եմ դրել, ասել եմ՝ դադարեցնել, արգելել եմ: Դեռ պետք է ստուգենք այդ արգելելը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տարօրինակ հանգամանքներ են բացահայտում. «Շատ տեղերում մեզ թվացել է, որ մենք շատ ուժեղ դեսպան ունենք, շատ ուժեղ համայնք ունենք, բայց պարզվել է, որ մեր դեսպանատունը մի հատ շենքի միջանցք է: Մենք նորմալ, պատշաճ շենքեր ենք ձեռք բերում, որպեսզի երկիրը ներկայանալի լինի»:
Անդրադառնալով քաղաքական նշանակումներին, նա հիշեցրեց, որ ինքը հայտարարել է՝ պետք է դրանք մինիմալին հասցնեն. «Այդ շանսը տրվել է և՛ դիվանագիտական, և՛ բուհական համակարգին: Իսկ ո՞վ է ասել, որ երբ այդ շանսը չարաշահվում է, այսինքն՝ պետք է միշտ գոյություն ունենա: Չէ, այդպես չէ, հիմա փոխվել է քաղաքականությունը, որովհետև այն, ինչ արեց ԱԳՆ-ն՝ նախարարների և փոխնախարարների մասնակցությամբ, կներեք, դրա հետևանքները… Իհարկե, նրանք հիմա զբաղված են գիտագործնական շատ կարևոր աշխատանքով, բայց այդ հետևանքները չեն կարող այդպես լինել, որովհետև չի կարող երկրում լինել նախարարություն, որ կառավարության քաղաքականությունը չի կիսում: Չեն կիսում՝ թող գնան հանրահավաքի մասնակցեն, ինչը որ արել են, և հիմա նրանք ազատ են: Ցավոք, վերջին հանրահավաքներին չեն մասնակցում, ինչը ինձ շատ մտահոգում է: Ես կոչ եմ անում նրանց մասնակցել բոլոր հանրահավաքներին, նստացույցերին, կառավարության շենքի դիմաց կազմակերպվող ակցիաներին, որովհետև կարծում եմ՝ դա իրենց դիվանագիտական պոտենցիալն իրացնելու ամենահարմար հարթակն է»: