Սուքիասյանն առաջարկում է հայտարարագրել ոչ միայն մարդկանց եկամուտները, այլ նաև՝ իրականացրած ծախսերը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանին հարցրեց, թե դրամի արժևորումից Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ինչքանո՞վ է օգտվել և ինչքանո՞վ է վնաս կրել։
«Եթե չունենայինք այդ արժևորումը, մեր համախառն ներքին արդյունքն ինչքա՞ն կլիներ մոտավորապես, 17 կլիներ, 18 կլիներ, ունե՞ք այդպիսի հաշվարկ։ Որովհետև այդ հաշվարկները, թե՛ մաքսային սահմանում, թե՛ սահմանից ներս՝ մինչև վերջնական սպառողին հասնելն ուրիշ տրամաբանությամբ էր՝ 1 դոլարը 500 դրամ էր, հիմա՝ 400»։
Պապոյանն ասաց, որ կդժվարանա շատ հստակ գնահատական տալ, ապա ներկայացրեց իր գնահատողական դատողությունները․
«2022 թվականի պետական բյուջեի նախագծով մեզ համար նախանշել էինք 7 տոկոս տնտեսական աճ և փաստացի մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը, այսինքն՝ հունվար-փետրվար ամիսների արդյունքները, մենք այդ սցենարով, մի քիչ ավելի լավ սցենարով գնում էինք առաջ՝ 8-8.5 տոկոս։ Ենթադրում եմ, որ 7,7-ից մի փոքր ավելի տնտեսական աճ էլ ունենալու էինք, եթե չունենայինք այս անոմալիան, որն իր հետևից բերել է և դրական, և բացասական ազդեցություններ Հայաստանի տնտեսության վրա։ Եթե դիտարկենք, որ մեզ մոտ կա փաստացի մեր կողմից արձանագրված, նախանշված տնտեսական աճից կրկնակի ավելի բարձր աճ, հետևաբար՝ դրական ազդեցություններն ավելի մեծ են։
Երկրորդ։ Եթե ոլորտներով դիտարկենք, բնականաբար, արտադրություն-արտահանում հատվածը որոշակի մրցունակության խնդիրներ է ունենում, սա ակնհայտ է, և դրա փոխարեն, բնականաբար, ներմուծվող ապրանքներն ավելի մրցունակ են դառնալու կամ ավելի մեծ հնարավորություններ են ունենալու։ Այս կոնտեքստում, ես կարծում եմ, որ ա՛յդ ոլորտներն են և այն ոլորտները, որոնք արտահանմանը միտված են, բնականաբար՝ հանքարդյունաբերություն, այթի ոլորտ, գյուղատնտեսության արտահանելի հատվածը և այլն․․․»։
Պապոյանի կարծիքով՝ պետք է խուսափել արհեստական միջամտություններից, քանի որ նախ դրա ռեսուրսը չունենք, երկրորդ՝ դա անիմաստ ծախս է լինելու․
«Եթե մի ապրանք արժի 935 դրամ, մենք արհեստական այնպես ենք անում, որ դառնա 500 դրամ, չեմ կարծում, որ այդքան ռեսուրս ունենք, որ շարունակաբար այդ ապրանքը գնենք 500 դրամով։ Երկրորդ՝ վերջնարդյունքը, միևնույն է, ինչ-որ փուլում ստիպված ենք լինելու այդ պրոցեսը թողնել այնպես, ինչպես որ շուկան է պահանջում, արդյունքում ունենալու ենք միայն շատ մեծ ծախսեր․․․»։
Անդրադառնալով ԿԲ նախագահի կողմից այսօր հայտարարագրերի վերաբերյալ արված հայտարարությանը, Խաչատուր Սուքիասյանն առաջարկեց ծախսերը նույնպես հայտարարագրել․
«Խոսքը միայն աշխատավարձի մասին չէ, եթե մենք եկամուտը հայտարարագրում ենք, պետք է այդ ինստիտուտը ներդնենք, որ ծախսային մասն էլ ցույց տան, հայտարարագրման մեջ ծախսային մասի այդ հատվածը ո՞րն է լինելու, մինչև ի՞նչ ծախս են իրենք իրավունք ունենալու իրենց եկամուտից ցույց տան, որպեսզի վերջնական արդյունքը տարեվերջում հասկանանք, մարդն էդ ծախսը արել է, որպեսզի գեներացիա ապահովի․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում