Բաժիններ՝

Այս իրավիճակում ՀՀ-ում ներդրումներ ակնկալելն անիրատեսական է. նշում են տնտեսագետները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պարբերաբար նշում է, որ Հայաստանում կա մասնավոր ներդրումներ ներգրավելու մեծ հնարավորություն:

Վերջերս նա նաև խոսել է տնտեսության կառուցվածքը փոխելու կառավարության նպատակների մասին. այն է՝ սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսին:

Այս ամենի հետ մեկտեղ՝ նախարարը, սակայն,  մոռացել էր նշել  ներդրումների համար կարևոր գործոն՝ կայունության մասին, ինչը հատկապես 44-օրյա պատերազմից հետո բացակայում է երկրում:

Ի դեպ, Վահան Քերոբյանին հակադարձում է նաև պաշտոնական վիճակագրությունը. ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների տվյալներով՝  Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 76 մլրդ 554 մլն դրամ: Հիմնական ուղղություններն են` էլեկտրականության, գազի մատակարարման ոլորտները՝ 32.5 մլրդ դրամ, հանքարդյունաբերությունը՝ 21.7 մլրդ, ավիափոխադրումը՝ 8.1 մլրդ դրամ:

168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Հրանտ Միքայելյանը ներդրումային միջավայրի խնդիրներին անդրադառնալով՝ ուշադրություն հրավիրեց անվտանգային հարցերի վրա:

«Քանի որ այդ հարցը կարգավորված չէ, իսկ թվացյալ կարգավորումը, թե ամեն ինչ հանձնենք Ադրբեջանին, ամեն ինչ լավ է լինելու, պարզ է, որ չի աշխատում: Անվտանգային կայունության խնդիր կա թեկուզ այն մակարդակով, որը եղել է մինչև 2020 թվականը, որովհետև այժմ կրիտիկական մակարդակի է հասել:

Մնացյալը՝ թե իշխանությունն ինչպես է իրեն պահում բիզնեսի նկատմամբ, ինչ լոգիստիկական իրավիճակ է ՀՀ-ում (մանավանդ, որ Ադրբեջանը դարձյալ ամեն ինչ անում է այդ իրավիճակը բարդացնելու համար), դառնում են երկրորդական անվտանգային հարցերի ֆոնին:

Եվ պարզ է դառնում, որ այս իրավիճակում ՀՀ-ում ներդրումներ ակնկալելն անիրատեսական է: Առանձին ինչ-ինչ ներդրումներ կան և կլինեն, բայց դրանք կլինեն փոքր»,- մանրամասնեց տնտեսագետը:

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն արձանագրեց. «Օտարերկրյա ներդրումները մեր տնտեսության իրական հատվածում, վիճակագրության համաձայն, կրճատվում են՝ նույնիսկ այս տարվա բարձր տնտեսական ակտիվության պարագայում: Իսկ հիմնապատճառներից մեկը հենց նրանք են, որոնք մեր երկիրը դրել են ներդրումային խիստ բարձր ռիսկային միջավայրում:

Այս անվտանգային սպառնալիքների և խորացող ռիսկերի պարագայում մենք ունենք նաև տնտեսական անվտանգության լուրջ խնդիրներ, որովհետև այդ ներդրողները առաջնային դիտարկում են հնարավոր ռիսկերը և դրանց հնարավոր կառավարման օբյեկտիվ հարցերը: Իսկ մնացյալը նույն տրիվիալ պոպուլիզմն է, որով առաջնորդվում են: Փաստերն այլ են, քան իրենց կանխատեսումները. մենք նույնիսկ տնտեսական այս բարձր աճի պարագայում ունենք օտարերկրյա ներդրումների նվազում, աղքատության ու անապահովության աճ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս