«Ահազանգ, հորդոր, խնդրանք». Հասմիկ Պապյան
ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ բարեկամությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տասնամյակների վաղեմություն ունի։ Տարիներ շարունակ ես այս դահլիճում հանդես եմ եկել որպես մենակատար։ Հայաստան մշտապես վերադարձից հետո, հաճախ եմ լինում սիրելի դահլիճում, որպես ունկնդիր։
Երկու տարի շարունակ, հարցազրույցներում, տարբեր առիթներով հայտնել եմ իմ խորը մտահոգությունը համերգների ընթացքում տարատեսակ լուսանկարիչների, տեսագրող և ձայնագրող օպերատորների, ինչպես նաև հսկիչների անթույլատրելի պահվածքի մասին, բայց ցավոք առ այսօր ոչինչ չի փոխվել։
Համերգի ընթացքում, անդադար ներս ու դուրս են անում տարբեր մարդիկ, (գաղտնիք չէ, որ դռները սարսափելի ճռռում են), հսկիչները տեղից-տեղ են փոխադրում իրենց ցելոֆանե տոպրակները, պատասխանում հեռախոսազանգերին։ Հազիվ հարմարվում ես լուսանկարչի աղմկալի «գոյությանը» քո կողքին, երբ կարճ չանցած նա ճարպկորեն հայտնվում է բեմի վրա, հպարտորեն շարունակելով չխկչխկացնել իր կամերայով, որի ձայնը լսելի է դառնում մինչև պարտեր։
Հավատացե՛ք, աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի գյուղաքաղաքի դահլիճներում հնարավոր չէ հանդիպել այսպիսի երևույթի։ Ասեմ, որ շատ հայտնի համերգասրահներում որպես հսկիչ աշխատում են երաժշտությանը և արվեստին սիրահարված երիտասարդներ, որոնց համար հրաշալի առիթ է աշխատելուց զատ, պատիվ ունենալ ներկա լինել բացառիկ համերգների։
Ինչպիսի «գերաստղ» էլ հանդես գա բեմում, արդյունքը մեկն է՝ ամեն անգամ ես ուժեղ գլխացավով վերադառնում եմ տուն, խորապես հիասթափված և ափսոսանքով այն մարդկանց ջանքերի և աշխատանքի հանդեպ, որոնց շնորհիվ դեռևս շարունակում են Հայաստան այցելել մեծանուն երաժիշտ-կատարողներ։
Եթե լրջորեն չվերաբերվենք այս խնդրին և չփորձեք լուծումներ գտնել վերադարձնելու հանդիսատեսի հանդեպ հարգալից վերաբերմունքը, ապա մենք կմնանք այն գավառական մակարդակի վրա, որտեղ շատ երաժիշտ կատարողներ դեռևս կայցելեն մեր երկիր Հայաստանի և հայ ունկնդրի մասին ունեցած անցյալի հիշողությունների շնորհիվ։
Այն անձիք, ովքեր ավելորդ, կամ անտեղի կհամարեն իմ սրտացավ դիտարկումը, կդասվեն ֆիլհարմոնիայի դահլիճ այցելուների թվին, որոնց համար կարևոր է սոսկ ձևը, այլ ոչ թե բովանդակությունը։
Վերջին երկու տարիներին բնակվելով Հայաստանում, հավատացեք, որ Եվրոպայում իմ ունեցած հնարավորություններից ոչ մի բանի պակաս չեմ զգում, ոչինչ չեմ կարոտում, բացի հայտնի համերգասրահներ այցելելու վայելքից։
Թախանձագին խնդրում եմ պատկան մարմիններին և ֆիլհարմոնիայի ղեկավարությանը, ականջալուր լինել նախ և առաջ երկրի վարկանիշը ապահովող այս հույժ կարևոր հարցին։
Պատրաստ եմ սիրով մասնակցել համատեղ լուծումներ գտնելու առաջարկներին, եթե դրա անհրաժեշտությունը լինի»։