Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզպետը խրախուսեց այս ուստարվա մարզի միակ ոսկե մեդալակիրին եւ նրան դասավանդած 12 մանկավարժներին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի 2021-2022 ուսումնական տարվա շրջանավարտ, մարզի միակ ոսկե մեդալակիր Անի Պողոսյանին, նույն դպրոցի տնօրեն Արտուշ Հայրապետյանին եւ Անիին դասավանդած 12 մանկավարժների։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Կարեն Սարգսյանը շնորհավորեց Անի Պողոսյանին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալին արժանանալու համար, ապա շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրենին եւ դասավանդող մանկավարժներին։

-Այս առիթը մեծ ձեռքբերում է եւ՛ Անիի ընտանիքի եւ՛ Ծովագյուղի միջնակարգ դպրոցի, իհարկե, նաեւ Գեղարքունիքի մարզի համար։ Կցանկանամ, որ նման հաջողություններ ունենան շատ դպրոցներ, ինչը կնպաստի մարզի եւ տվյալ դպրոցի դերի բարձրացմանը։ Բարձր եմ գնահատում Անիի աշխատասիրությունը ու նաեւ մանկավարժական կոլեկտիվի աշխատանքը, քանզի նման հաջողությունը արդյունք է նվիրյալ մանկավարժների ջանադիր աշխատանքի,-նշեց մարզպետը։

Մատաղ սերնդի կրթության գործում ունեցած ավանդի եւ անբասիր աշխատանքի համար

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսվեցին Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի մանկավարժները։ Կարեն Սարգսյանի կողմից նախօրոք արված խոստման համաձայն՝ տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոսկե մեդալակիր աշակերտ ապահովելու համար Անի Պողոսյանին դասավանդող մանկավարժները ներկայացվեցին նաեւ դրամական խրախուսանքի։ Բացի այդ՝ Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի երկու դասասենյակ էլ կհամալրվի նոր գույքով եւ անհրաժեշտ պարագաներով։

-Սա խրախուսման մի ձեւ է, որը պետք է շահագրգռի նաեւ մարզի մյուս կրթական հաստատությունների տնօրեններին եւ մանկավարժներին, ուսման մեջ աչքի ընկած աշակերտներին։ Մնում է հուսալ, որ հերթական ուստարում մեր մարզը կունենա ավելի շատ ոսկե մեդալակիր շրջանավարտներ, քան այս տարվա համեստ արդյունքն է»,-հանդիպումն ամփոփեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս