«Այն հատվածներում, որոնք թշնամու դիրքերին շատ մոտ չեն, աշխատանքներ կատարում ենք. Ավելի լավ է գետինը մտնենք, քան մտնենք Ադրբեջանի կազմ». Խրամորթի գյուղապետ

Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում էր ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպել են Ա. Հայրապետյանի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Վերջինս տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։
Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։

Վերջին մի քանի օրերի ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ադրբեջաբնական զինված ուժերի ներկայացուցիչները թիրախավորում են դաշտում աշխատող խաղաղ բնակչությանը և փորձում վնաս պատճառել թե՛ գյուղատնտեսական տեխնիկային, թե՛ խաղաղ բնակչությանը։

168.am հետ զրույցում Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ թշնամու այդ սադրանքից հետո, այս պահին իրավիճակը հանգիստ է, բնակիչները շարունակում են իրենց աշխատանքները։

Կարդացեք նաև

«Մարդիկ այս պահին մասամբ կարողանում են գյուղատնտեսական աշխատանքներ կատարել այգիներում։ Այն հատվածները, որոնք թշնամու դիրքերին շատ մոտ չեն, աշխատանքներ կատարում ենք, հուսանք, մինչև վերջ այդ աշխատանքները կկատարենք։

Երբ թշնամին կրակել է դաշտում աշխատող բնակիչների ու գյուղատնտեսական տեխնիկայի ուղությամբ՝ ռուս խաղաղապահները կանգնած են եղել, գնդակը հենց խաղաղապահների միջով է անցել»,- նշեց Զորիկ Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների հայտարարություններին և պնդումներին  Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու վերաբերյալ  և այդ համատեքստում հնչող կասկածներին, որ Արցախը կճանաչեն Ադրբեջանի կազմում, Զորիկ Աբրահամյանն ընդգծեց.

«Մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում, դա մեզ համար մահվանը հավասար բան է։ Ավելի լավ է գետինը մտնենք, քան մտնենք Ադրբեջանի կազմ, գերադասում ենք մահը, քան Ադրբեջանի կազմ մտնելը։ Ախր դրանց մեջ ինչպե՞ս ապրենք, դրանք անզեն աղջկան մասնատում են ու աշխարհով մեկ ցույց տալիս, այդ ազգի հետ հնարավո՞ր է ապրել՝ հնարավոր չէ։

Բարբարոս ազգ են, բարբարոս»։

Տեսանյութեր

Լրահոս