«Ղարաբաղի կարգավիճակի հարցը միայն Երևանից չէ կախված»․ Տարասով

Նիկոլ Փաշինյանի նախօրեի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը արտաքին քաղաքական վերլուծության բավականին ծավալուն նյութ էր պարունակում։

Ինչպես հետպատերազմյան Հայաստանում գրեթե միշտ, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանն Արցախի կարգավիճակի մասին կրկին խոսեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ոչ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի շրջանակում։ Նա ասաց՝ եթե ուզում ենք աղետների առաջ չկանգնեցնել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, այդ վետոյով միայնակ ամբողջ աշխարհի դեմ չպետք է կռիվ տալ, որովհետև չենք կարող:

Շարունակելով թեման՝ Փաշինյանն ասաց, թե 1996 թվականին ամբողջ միջազգային հանրությունն արձանագրել է, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Գուցե խնդիրը նրա մեջ է, որ մենք իրականությունը հարաբերության հետ ճիշտ չենք կառուցում։ Իրականում, ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունն էլ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այո՛, Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Ի վերջո, մենք ինչքա՞ն պետք է սա չարձանագրենք»,- կեղծելով իրականությունը՝ հայտարարեց Փաշինյանը, ապա թե՝ գուցե մեր բոլոր խնդիրները գալիս է նրանից, որ «մենք շարունակում ենք դա չտեսնել ու չենք ուզում դա տեսնել»: «Երբ որ մենք ասում ենք՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագիր, գիտե՞նք՝ ինչի մասին ենք խոսում։ Այսօր այդ փաստաթուղթը հանդիսանում է մեր օրենսդրության մաս։ Դա վավերացվել է ՀՀ գերագույն խորհրդի կողմից՝ 1992 թվականի փետրվարին: Եթե հիմա ես ասեմ, որ ես չեմ ընդունում Ալմաթիի հուշագիրը, կնշանակի, որ ես ասում եմ՝ ՀՀ օրենսդրությունը չեմ ընդունում»,- ընդգծել է Փաշինյանը:

Ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը 168am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցազրույցի այս հատվածին, ասաց, որ Փաշինյանը հասկացրեց՝ առաջիկա Խաղաղության համաձայնագրում Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չի լինի, ինչը կանխատեսելի էր և երկար ժամանակ քննարկվում էր։

Ըստ նրա, փորձ է արվում տարանջատում մտցնել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ու Ղարաբաղյան հարցի միջև, ինչը նոր երևույթ չէ, այլ ուղեկցում է այս հակամարտությանը պատերազմին հաջորդած երկու տարիների ընթացքում։ «Պարզապես ՀՀ իշխանությունները բաց տեքստով այդ ամենից սկսեցին խոսել բավականին ուշ»,- նկատեց նա։

Սակայն, վերլուծաբանի խոսքով, գործընթացն աշխարհաքաղաքական բնույթ ունի, և աշխարհաքաղաքական դերակատարների ազդեցությունը մեծ է, ինչպես երբևէ։

«Եթե հիշում եք, Ղարաբաղ-Ադրբեջան բանակցությունների մասին խոսակցություն գնաց ամերիկյան հանդիպումներից հետո, և չի բացառվում՝ այս ուղղությունը զարգանա, միջազգային ներկայությամբ ընթանա, հատկապես, ազդեցության համար դա պետք կգա Միացյալ Նահանգներին և Արևմուտքին։ Բայց Ղարաբաղում են նաև ռուս խաղաղապահները, և դա անվտանգության զգացում է տալիս այնտեղ բնակվող մարդկանց, ուստի սա նաև ամրապնդում է ՌԴ հնարավոր դիրքերը ապագա ցանկացած ձևաչափի բանակցություններում։ Չեմ բացառում, որ ինչ-որ մի փուլում ԵԱՀԿ ՄԽ-ն վերականգնվի, կամ այլ ձևաչափով քննարկվի այս հարցը։ Այսինքն՝ հարցը թողնվում է միջազգային հանրությանը նման սուր մրցակցության փուլում, և այս իրավիճակում բարդ է ասել, թե միջազգային հանրությունն այդ հարցն ինչպես կօգտագործի հանուն Հարավային Կովկասում իր շահերի։ Խոսքը գլխավորապես ԱՄՆ-ի մասին է։ Երևանը վաղուց իրեն դուրս է դրել Ղարաբաղյան գործընթացից, պարզապես այս մասին անընդհատ հրապարակային խոսքն ուղղված է հայ հանրությանը և ոչ միջազգային հանրությանը, քանի որ այնտեղ կարծես բոլորն ամեն բան հասկանում են»,- ասաց վերլուծաբանը։

Տարասովն արձանագրեց, որ ԱՄՆ-ը մտադիր է նաև ազդեցություն ունենալ հայ-թուրքական գործընթացի վրա, որը տեղում դոփում է, քանի որ Ադրբեջանը «թույլ չի տալիս», քանի դեռ իր բոլոր հարցերը չեն լուծվել։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը շարունակելու է իր հեռադիր պահվածքը, որում կան նոր լուծումներ, նոր դիրքավորումներ գտնելու բաղադրիչներ՝ այս անցումային փուլի համար նախատեսված։ Դա նկատվեց Սոչիի բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի ասուլիսում։ Չի բացառվում, որ իրավիճակ փոխվի, կամ ՌԴ-ն այլ առաջարկներ ներկայացնի։ Չի բացառվում, որ խաղաղապահները հեռանան, կամ նրանց մանդատը երկարաձգվի, սրանք կախված են բազմաթիվ հանգամանքներից ու աշխարհաքաղաքական զարգացումներից։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ Հայաստան-Ադրբեջան բրյուսելյան բանակցություններում խնդիրներ կան, բայց ինչպես Արևմուտքը, այնպես էլ Ռուսաստանն ազդեցություն չկորցնելու համար անընդհատ նոր տարբերակներ են փնտրում, և Ղարաբաղի կարգավիճակի հարցն ամենասուր հարցերից մեկն է, որը կախված է աշխարհաքաղաքական միջավայրից ու բանակցություններից»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս