Ըստ ոլորտների ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի համար 2023 թվականին նախատեսված հատկացումների վերաբերյալ բյուջետային հայտը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2023 թվականին ՀՀ պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզպետարանի համար նախատեսված հատկացումների վերաբերյալ բյուջետային հայտը:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի նախագծով Գեղարքունիքի մարզպետարանին «ՀՀ Գեղարքունիքի մարզում տարածքային պետական կառավարում» ծրագրով ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 778 միլիոն 245 հազար 600 դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 72 միլիոն 7400 դրամով:
Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման եւ անվտանգ երթեւեկության ծառայություններ ծրագրով եկող տարում Գեղարքունիքի մարզպետարանին նախատեսվել է հատկացնել 235 միլիոն 300 հազար դրամ, որը 54 միլիոն 300 հազար դրամով ավել է 2022 թվականին հաստատված բյուջեի նկատմամբ:
Մշակութային ծրագրերի գծով հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսվել է 81 միլիոն 555 հազար 500 դրամ, որն այս տարվա հաստատված բյուջեի նկատմամբ նվազել է 4 միլիոն 292 հազար դրամով:
Կրթական ծրագրերի գծով 2023 թվականին նախատեսվել է 8 միլիարդ 885 միլիոն 479 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 484 միլիոն 162 հազար դրամով:
«Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում» ծրագրով մարզին նախատեսվել է հատկացնել 14 միլիոն 500 հազար դրամ, որը 500 հազար դրամով ավել է 2022 թվանին հաստատված բյուջեի նկատմամբ:
«Ատեստավորման նոր համակարգի ներդրման» ծրագրով մարզին նախատեսվել է հատկացնել 221 միլիոն 799 հազար 900 դրամ, որը 190 միլիոն 185 հազար 400 դրամով ավել է 2022 թվականին հաստատված բյուջեի նկատմամբ:
«Սոցիալական խմբի 1-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովման» ծրագրով 2023 թվականին նախատեսվել է 166 միլիոն 874 հազար 400 դրամ, որը 2022 թվականին հաստատված բյուջեի նկատմամբ աճել է 153 միլիոն 851 հազար 500 դրամով:
Խոսրով Խլղաթյան