«Ալիևը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն». Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը, մինչև օրակարգում ընդգրկված զեկուցվող հարցերի քննարկմանն անցնելը, անդրադարձավ նոյեմբերի 8-ի Իլհամ Ալիևի հայտարարություններին: Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, թե Հայաստանը բազմաթիվ պայմանավորվածություններ է խախտում, Նիկոլ Փաշինյանը ելույթից երկու օր անց հակադարձեց, թե Ադրբեջանն է մի շարք պայմանավորվածություններ խախտում, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված․
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ:
Այս և նմանատիպ մի շարք գործողություններ ու հայտարարություններ ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»։
Փաշինյանն ընդգծեց՝ ցեղասպանության մտադրությունն արտահայտված է նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին՝ կոպտորեն խախտում են եռակողմ տարբերակով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը․
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով: Կրկնում եմ, ինքնաբերաբար երկարացումով: Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, և փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները:
2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ի՛նքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարևոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում: Ավելի՛ն, ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը: Սոչիի 2 հայտարարությունների տակ ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո, առանց Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների՝ խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստություն»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում