«Ադրբեջանի նախագահը խախտել է Սոչիի հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը»․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի արված հայտարարությունների անդրադարձով։

Փաշինյանը շեշտեց, որ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։

«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և Հայաստանի Հանրապետությանն ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին և մեր Կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը։

Ընդ որում, Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ։

Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ սույն թվականի հոկտեմբերի 31-ին, Սոչիում ընդունված եռակողմ  հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին։

Ի հեճուկս Սոչիի՝ հոկտեմբերի 31-ի և սույն թվականի հոկտեմբերի 6-ի՝ Պրահայի հայտարարության, Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանն ահաբեկելու ակնհայտ մղումով»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս