Ջո Բայդենն առաջարկել է ուշադրություն դարձնել այլ երկրների իշխանությունների հետ Մասկի հնարավոր շփումներին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այն կարծիքին է, որ օգտակար կլիներ պարզել, թե միլիարդատեր Իլոն Մասկն ինչպես է համագործակցում մյուս երկրների իշխանությունների հետ։
«Ես կարծում եմ, որ մյուս երկրների հետ Իլոն Մասկի համագործակցության եւ տեխնիկական կապերի վրա պետք է ուշադրություն դարձվի, անկախ այն բանից, թե նա անպատշաճ ինչ-որ բան անում է, թե ոչ: Ես կարծում եմ, որ դրան արժե ուշադրություն դարձնել»,-ասել է նա, հանդես գալով Սպիտակ տանը, չճշտելով, թե հատկապես ինչպես կարելի կլինի նման ստուգում անցկացնել:
Բայդենն այսպես է պատասխանել լրագրողի այն հարցին, թե հարկավոր է արդյոք ուսումնասիրել Մասկի շփումները, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի հետ, միլիարդատիրոջ կողմից Twitter-ը գնելու համատեքստում:
Ավելի վաղ մի քանի դեմոկրատ կոնգրեսականներ այն ենթադրությունն են արել, որ նման շփումները կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար: Մասկը վերջին ամիսներին ակտիվորեն քննադատել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը, հայտարարել է, որ հիասթափվել է նրանից եւ այժմ աջակցում է հանրապետականներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: