Արտոնություններ՝ Փաշինյանի կնոջ հիմնադրամին
Մարտ ամսին «Իմ քայլը» հիմնադրամը հայտարարել էր՝ նախաձեռնում է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակներում կդասավանդեն արտերկրյա և հայաստանյան առաջատար մասնագետները:
Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին այս ծրագրի շրջանակներում հերթական արտոնությունն է տրվելու Կառավարությունից. օրերս այդ մասին որոշում է ստորագրել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Հունիսի 9-ին 403 Ա որոշմամբ՝ «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 148 միլիոն 220 հազար դրամ ընդհանուր արժողությամբ «Քվանտա» մագիստրոսական կրթություն» ծրագիրը որակվել է բարեգործական և հետևաբար՝ օգտվելու է օրենքով նախատեսված հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:
Ծրագրի ժամկետներն են 2022 թվականի հունիսի 15-ից մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներառյալ:
Ուշագրավ է, որ ըստ որոշման հավելվածի՝ չկա հստակեցում, թե նշված ծախսերը ի՞նչ քանակի համար է նախատեսված. հստակ է միայն գումարի չափը: Ստացվում է՝ օրենքով սահմանված հաշվետվությունները լինելու են մոտավոր, քանի որ ծրագրում ընդգրկված մասնակիցների սկզբնական թիվն անհայտ է, ու պարզ չէ, թե, օրինակ, քանի՞ հոգու համար է հիմնադրամը նախատեսում.
24 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ ծառայություններն ու ապրանքների ձեռքբերումը (ամառային դպրոցի, օլիմպիադայի և գիտաժողովի կազմակերպում՝ հյուրանոցային ծառայությունների, սննդի, գրենական պիտույքների և անվանաքարտերի),
4 միլիոն 840 հազար դրամ արժողությամբ օտարերկրյա դասախոսական անձնակազմի ավիատոմսերի ձեռքբերումը,
16 միլիոն 390 հազար դրամ արժողությամբ օտարերկրյա դասախոսական անձնակազմի հրավիրման և հյուրանոցային ծառայությունների ձեռքբերումը,
2 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ տպագրական ծառայությունների և գրենական պիտույքների պարագաների ձեռքբերումը և այլն:
Ի դեպ, սա առաջին անգամը չէ, երբ «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացված ծրագիրը բարեգործական է որակվում և կրկին առանց հստակեցնելու, թե քանի՞ մասնակից է նախատեսված ընդգրկել ծրագրում:
Դեռ մեկ ամիս առաջ մամուլը տեղեկացրել էր, որ կրկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ՝ մայիսի 17-ին բարեգործական էր որակվել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 39,020,872 դրամ ընդհանուր արժողությամբ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը, սակայն կրկին առանց հստակեցնելու, թե քանի հոգի է մասնակցելու ծրագրին:
Թեմայի առնչությամբ Ֆեյսբուքում պարզաբանում էր տարածել Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը՝ վստահեցնելով. «որևէ իրավական ակտով բարեգործական որակվող ծրագրերում շահառուների քանակ նշելու որևէ պահանջ սահմանված չէ»:
Այդուհանդերձ, եթե անգամ սահմանված չէ շահառուների քանակը նշելու անհրաժեշտությունը, ապա բաց է մնում հարցը՝ ի՞նչ թվերի վրա են հիմնվելու եռամսյակային հաշվետվությունները, ի՞նչ սկզբնական թվերի հետ են համեմատվելու ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների հաշվարկները:
Եվ եթե անգամ սահմանված չէ նման պահանջ, արդյո՞ք Աննա Հակոբյանի՝ ««Իմ քայլը» հիմնադրամը գործելու է թափանցիկ և հաշվետու է լինելու ծախսված յուրաքանչյուր լումայի համար» հավակնոտ հայտարարությունը չի պահանջում առավել հաշվետու լինել:
Նկատենք՝ լրատվամիջոցները հաճախ են բարձրաձայնել Աննա Հակոբյանի հիմնադրամի հաշվետվողականության ու թափանցիկության խնդիրների մասին, և քանի որ ստեղծման օրից՝ 2018 թվականից սկսած նվիրատուների ցանկում էին Հայաստանի խոշոր տնտեսվարողներն և հանքարդյունաբերողները, նաև միլիոնավոր դրամներ փոխանցող անանուն անձինք, հիմնադրամի գործունեությունը հաճախ որակվել է «ռեկետ» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի կողմից:
Հատկանշական է նաև այն, որ Փաշինյանի կնոջ հիմնադրամի կայքէջում չես գտնի հրապարակված որևէ ֆինանսական հաշվետվություն՝ այն դեպքում, երբ ըստ օրենքի սահմանվում է՝ եթե կազմակերպություններն ունեն պաշտոնական կայք, հաշվետվությունները պետք է հասանելի լինեն նաև կայքում: