Այդ հարցում կարող ենք որոշակի առաջընթաց ունենալ գալիք տարում. ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման գործընթացի մասին

Հայաստանը ԵՄ երկրների հետ վիզաների դյուրացման երկխոսության համատեքստում կարող է որոշակի առաջընթաց ունենալ գալիք տարում:

Այս մասին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ վիզաների դյուրացման երկխոսության վերաբերյալ հարցին:

Փոխնախարարը նշեց, որ այդ հարցը քննարկել են, ներկայացրել իրավիճակը, խնդիրները:

«Այս հարցը մնում է մեր օրակարգում: Դա վերջին անգամ քննարկվել էր համագործակցության կոմիտեի նիստի ընթացքում: Վերջերս նաև իմ աշխատանքային հանդիպումների ընթացքում կար այսպիսի պատրաստակամություն՝ առաջ քաշել այս հարցը: Իրավիճակը շարունակում է մնալ ոչ շատ դյուրին: Բայց, իմ կարծիքով, այդ հարցում կարող ենք ունենալ որոշակի առաջընթաց գալիք տարվա ընթացքում»,-ասաց Հովհաննիսյանը:

«ՀՀ և ԵՄ միջև Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը և «ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Այս համաձայնագրերի կիրարկման մշտադիտարկման նպատակով ստեղծվել են ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով և ՀՀ-ԵՄ Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեներ։

Տեսանյութեր

Լրահոս