Փայլանի խոսքերը շատ նման են Էրդողանի ասած խոսքերին. թուրքագետ
Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այն, որ Թուրքիայի հետ հարաբերություններում հաղթահարվել են կոմունիկացիոն բնույթի բարդույթները և բարդությունները։
ԱԺ-ում այս առնչությամբ նա այսօր հայտարարեց. «Սա կարող է թվալ շատ թույլ և ոչ էական բան։ Կարծում եմ, որ նախկինում միշտ այդ հարցը եղել է՝ հանդիպե՞լ, թե՞ ոչ, խոսե՞լ, թե՞ ոչ, որը շատ մեծ գործնական նշանակություն է ունեցել։ Այսօր այդ հանգամանքը և բարդությունը վերացվել է։ Կարծում եմ, որ սա ոչ շատ առարկայական, բայց էական փոփոխություն է։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ շարժվել խաղաղության օրակարգի իրացման ուղղությամբ»:
Հիշեցնենք՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացն առարկայական փուլ մտավ, երբ կողմերը բանակցություններ սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին: Չնայած Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե՝ եկել է ժամանակը շփումները երկու մայրաքաղաքներ տեղափոխելու, մինչ օրս այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրներում:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի «ձեռքբերմանը»՝ նկատեց, որ այս իրավիճակում ուղիղ խոսելը ձեռնտու է միայն Թուրքիային և չի բխում ՀՀ շահերից:
«Երբ Թուրքիան տեսավ, որ հարաբերություններում խանգարող էլեմենտներ կան. օրինակ, ՌԴ-ն, ՀՀ-ին համոզեց դեմառդեմ ծրագիր սկսել, ինչով և մեկնարկեցին Քըլչ-Ռուբինյան հանդիպումները,- նկատեց թուրքագետը՝ հավելելով, որ ուղիղ շփումներով կողմերն ուզում են հեռացնել երրորդ ուժին,- Ուզում են երրորդ կողմի կոնտրոլից դուրս գալ, որպեսզի իրար մեջ շատ շտապ ինչ-ինչ հարցեր լուծեն: Այնտեղ կա տվող և կա ցանկացող. քանի մեկը տալիս է, մյուսն էլ ուզում է վերցնել: Ուզում են արագ ավարտին հասցնել սկսածը. այդ պատճառով է, որ Փաշինյանն ասում է, թե ինքը ցանկություն ունի մինչև տարեվերջ «խաղաղության պայմանագիր կնքել»:
Վերջինի առնչությամբ Տիրան Լոքմագյոզյանը հիշեցրեց, որ Թուրքիայի հին նախապայմաններին է գումարվել նորը՝ «Ադրբեջանի հետ հարցերը լուծեք, հետո կխոսենք ձեզ հետ»:
Մեր զրուցակիցն այս համատեքստում անդրադարձավ նաև թուրքական «Սաբահ» պարբերականի այն տեղեկությանը, թե բանագնացների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում, ինչն, ի դեպ, ՀՀ հատուկ ներկայացուցիչը հերքել էր.
«Արդեն որերորդ անգամն է, որ Թուրքիայից ինչ-որ մեսիջ է գալիս լրատվամիջոցի կամ կողմնակի բյուրոկրատի միջոցով, Հայաստանը սկզբում մերժում է դա, հետո ասում՝ գուցե, հնարավոր է, հետո, երբ արդեն Թուրքիայի կողմից ավելի բարձր մակարդակից է խոսվում այդ մասին, ՀՀ-ն հաստատում է. սա վկայում է, որ այն կողմից հրահանգներ են գալիս»,- ասաց նա:
Կարո Փայլանի «խաղաղության» մասին հայտարարություններին անդրադառնալով էլ՝ թուրքագետը շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղությունը համարում է ուտոպիական:
«Եթե անգամ մենք հասանք խաղաղության պայմանագրին, ո՞վ է երաշխավորելու, որ Թուրքիան կամ Ադրբեջանը հարգելու են այդ պայմանագիրը: Պատմության մեջ չի եղել որևէ մի պայմանագիր, որին Թուրքիան հավատարիմ լինի:
Կարո Փայլանի մասին շատ միֆեր ստեղծվեցին Հայաստանում, ինչին ես համամիտ չեմ. նա վերջիվերջո Թուրքիայի մեջլիսի պատգամավոր է, և նա կարող է մի անգամ Ցեղասպանության ժամանակ զոհված հայ ճանաչված մարդկանց նկարներ բերել մեջլիսում, իսկ մյուս օրը՝ խոսել Խոջալուում հայերի «կոտորածի» մասին»,- շեշտեց Տիրան Լոքմագյոզյանը՝ նկատելով, որ հետաքրքիր է Փայլանի այցելության ժամանակահատվածն ու նման ուղերձները, որոնք շատ նման են Էրդողանի ասած խոսքերին: