Հայ-իրանական հարաբերությունների զարգացումն այս փուլում՝ և՛ քաղաքական, և՛ անվտանգային առումով, չափազանց կարևոր են. Իրանագետ
Իրանական լրատվամիջոցներն արդեն տեղեկացնում են Փաշինյանի-Ռաիսիի հանդիպման մանրամասների մասին:
«Հայաստանի վարչապետի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, անկասկած, բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում»,- ըստ mehrnews.com-ի մամուլի ասուլիսում ասել է Իրանի նախագահը։
Ընդգծելով, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները, նա հայտարարել է, որ տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն՝ խնդիրներ կստեղծի:
«Mehrnews»-ն էլ տեղեկացնում է, որ Հայաստանը և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ:
Հայաստանի կառավարությունն առայժմ երկու երկրների առաջնորդների ճեպազրույցի մանրամասները չի հաղորդել։
Իրանագետ Գարիկ Միսակյանը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ հայ-իրանական հարաբերությունները և դրանց զարգացումն այս փուլում՝ և՛ քաղաքական, և՛ անվտանգային առումով, չափազանց կարևոր են:
Նա հատկապես շեշտեց այն դիրքորոշումը, որ որդեգրել է Իրանը. «Դա նախ վերաբերում է ՀՀ սահմանների անձեռնմխելիությանը, հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությանը, որտեղով փորձեր են արվում անցկացնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» և ընդհանրապես»:
Քանի որ իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնում էին ստորագրվելիք համագործակցության փաստաթղթերի մասին, իրանագետը նկատեց, որ ցանկալի կլիներ նման ռազմական և անվտանգային ոլորտում համագործակցություն նախաձեռնելու հետ կապված որևէ փաստաթղթի ստորագրում: