Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի. Իրանի նախագահ

Թեհրան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Թեհրանի «Սադաբադ» համալիրում մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ համատեղ մամուլի ասուլիսին, գրում է mehrnews.com-ը։

Հայաստանի վարչապետի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, անկասկած, բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում, մամուլի ասուլիսում ասել է Իրանի նախագահը։

Նշելով, որ բարիդրացիական քաղաքականությունն Իրանի կառավարության ընդգծված քաղաքականություններից մեկն է, նա հավելել է, որ օրակարգում են նման երկկողմ հանդիպումների անցկացումը՝ ուղղված Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային և անվտանգության հարաբերությունների զարգացմանը։

Նախագահ Ռաիսիի խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերությունները վերջին ամիսներին 43 տոկոս աճ են գրանցել։

«Մեր նպատակն է մեծացնել առևտրային հարաբերությունները մինչև երեք միլիարդ դոլար, ինչին կարելի է հասնել երկու երկրների կամքով»,- հավելել է նա։

Երկու երկրների միջև լավ հարաբերությունները միանշանակ կբերեն ավելի լավ հարաբերությունների տարածաշրջանում և աշխարհում, ընդգծել է Ռաիսին։

Նշելով, որ կովկասյան տարածաշրջանը Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, Ռաիսին ասել է, որ կովկասյան տարածաշրջանում զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։

Ընդգծելով, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները, նա հայտարարել է. «Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»։

Տեսանյութեր

Լրահոս