Բաժիններ՝

Չենք կարող նույն բերանով և՛ օրհնել, և՛ հայհոյել

Երբ խոսում ենք ինչ-որ վատ սովորություններից հրաժարվելու և քրիստոնեական կյանքով ապրելու մասին, թվարկվող առաջինների շարքում հիշատակում ենք նաև հայհոյախոսությունն ու բամբասանքը։ Սրանք արատավոր երևույթներ են, որոնք փորձության են ենթարկում ամենքիս՝ չշրջանցելով ոչ ոքի։

Միշտ չէ, որ ամեն խոսք, որ դուրս է գալիս մարդու բերանից, կշռադատված ու մտածված է։ Եվ խոստովանենք, միշտ չէ, որ իսկապես մտածում ենք և նոր միայն խոսում։ Դա է պատճառը, որ բամբասանքն ու հայհոյախոսությունը դառնում են գայթակղություններ, որոնցով փորձվում ենք ամեն օր։ Բայց կա մի պարզ ճշմարտություն․ եթե ամուր ենք մեր հավատքի մեջ, ոչ մի փորձությունից պարտված չպիտի դուրս գանք։

Երբ ամեն անգամ հայտնվելով տարբեր իրավիճակներում՝ ինքներս մեզ զսպում ենք վատը չխոսել, և երբ պայքարում ենք չարի դեմ՝ վատ խոսքին վատ խոսքով չպատասխանելու համար, այդ պահին է, որ դառնում ենք դեպի աստվածայինը։ Գիտակցենք մի հստակ ճշմարտություն։ Երբ զանազան վիրավորանքներինին և ոչ հաճելի խոսքերին պատասխանում ենք բարությամբ, երբ չենք բամբասում, նույնիսկ փորձում ենք չմտածել վատը մեր մերձավորների մասին, դա խոսում է ոչ թե մեր դիմացինի անթերի լինելու, այլ հենց մեր մասին։ Դրանով առաջին հերթին օգնության ձեռք ենք մեկնում դեպի մե՛ր անձերը՝ տանելով դեպի լույսը, ապա նաև դիմացինին՝ դառնալով փրկօղակ նրա համար։

Տեղին է հիշել մի իմաստուն առակ։ Մի անգամ մի քանի անհավատներ վիրավորանքներ տեղացին իրենց թաղամասով անցնող վանականի հասցեին: Բայց նա օրհնությամբ պատասխանեց նրանց:

Կարդացեք նաև

Մի մարդ զարմացած հարցրեց.

– Հայր Սուրբ, զարմանալիորեն նրանց վիրավորանքներին օրհնությամբ պատասխանեցիր, մի՞թե զայրույթ չէիր զգում նրանց հանդեպ:

– Կարող եմ ծախսել միայն այն, ինչ ունեմ քսակիս մեջ,- պատասխանում է վանականը:

Հիշենք՝ կա միայն մեկ Դատավոր՝ ամենատես և արդար, և կարիք չկա ինքներս մեզ մեղքի ճիրանները նետել՝ վատ խոսքեր շռայլելով, բամբասելով։ Օրհնությունը Աստծուց է, իսկ հայհոյանքը՝ սատանայից։ Չենք կարող նույն բերանով և՛ օրհնել, և՛ հայհոյել։ Ընտրությունը մերն է, ո՞րն ենք ընտրում։

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս