Եթե հակապետական ելույթներից մեջբերումների փոխարեն բռնեին ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող ձեռքերը, այսօր լրիվ այլ վիճակ կարող էր լինել. Հովհաննես Խուդոյան

2020թ. դեկտեմբերի 29-ին՝ աղետաբեր 44-օրյա պատերազմից 50 օր անց, տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանցիները 1 օր ժամանակ են տվել հայ բնակիչներին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսն ազատելու համար։ Թշնամին սպառնացել էր, որ եթե մինչև հաջորդ առավոտյան ազատած չլինեն տարածքները, ապա զորքով հարձակվելու են գյուղացիների վրա։ Գյուղացիներին և գյուղապետին ասել էին, որ Հայաստանի իշխանությունը դեռևս 10 օր առաջ տեղյակ է եղել այդ մասին: Պարզվեց, որ ոչ միայն Շուռնուխի, այլև Որոտանի բնակիչներին է այդ անակնկալը սպասում, և մարդկ տասնամյակներով դրած իրենց տունն ու տեղը պետք է հանձնեն թշնամուն, ինչպես հետո պարզվեց, բանավոր փոխըմբռնման հիման վրա:

2021թ. հունվարի 5-ին արդեն Շուռնուխ գյուղի 12 տներն անցան ադրբեջանական կողմին:

Դեկտեմբերի 29-ից առաջ նույն պահանջը ներկայացվել էր նաև որոտանցիներին: Այդ իրադարձությունների ժամանակ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ Արամ Օրբելյանն ու փաստաբան Հովհաննես Խուդոյանը հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն այն մասին, որ նշյալ տարածքներում զինված մարդիկ, որոնք ենթադրաբար ադրբեջանցիներ են, կամ հնարավոր է, այլ զինված խմբեր, սպառնում են ՀՀ քաղաքացիներին, մտնում նրանց տներ, ժամանակ տալիս նրանց իրենց տները լքելու և հեռանալու համար, այսինքն՝ զենքի սպառնալիքով տիրանում են ՀՀ քաղաքացիների գույքին ու ավազակություն անում: Փաստաբանները պահանջել էին քննության առնել իրենց դիմումը, պարզել, բռնել զինված անձանց, կամ, եթե ամեն դեպքում նրանք ադրբեջանցիներ են, ու դա անել հնարավոր չէ, հետախուզում հայտարարել նրանց նկատմամբ, իրավիճակը ներկայացնել միջազգային ատյաններին: Կարճ ասած՝ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Օրբելյանը խնդրել էին Գլխավոր դատախազությանը գործ հարուցել ներկայացված փաստերի առթիվ:

Այստեղ սկսվում է այս պատմության ոդիսականը: Գլխավոր դատախազությունը հաղորդումը փոխանցում է Զինվորական քննչական գլխավոր վարչությանը (ԶՔԳՎ), իսկ ԶՔԳՎ քննիչը մերժում է քրեական գործի հարուցումը:

Կարդացեք նաև

«Մեր կողմից ներկայացված բողոքով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացվել էին երեք իրադարձություններ՝ փաստելով, որ շարադրված փաստերը առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, քանի որ, ըստ էության, ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված (ենթադրաբար՝ ադրբեջանական) զինվորական համազգեստով, ադրբեջանական դրոշով զինված անձինք ներխուժում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող համայնքներ՝ կամայականորեն բնակիչներին ստիպելով լքել իրենց բնակավայրերը, ներկայացնելով կյանքի և առողջության սպառնալիքներ»,- Գլխավոր դատախազությանն ուղղված իրենց բողոքի էությունը 168.am-ի հետ զրույցում ներկայացեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ ըստ իրենց՝ վերը ներկայացված փաստական հանգամանքներն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները, այն է՝ ավազակություն:

Ըստ փաստաբանի՝ քրեական գործի հարուցումը մերժող ԶՔԳՎ ավագ քննիչ Մհերյանը ծավալուն մեջբերումներ է կատարում «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքից, ապա մեջբերում նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունն առ այն, որ Սյունիքի մարզից տարածքներ չեն հանձնվել Ադրբեջանին:

«Այս առնչությամբ հարկ է նշել, որ մեր կողմից ներկայացված հաղորդումը չէր վերաբերում ՀՀ ինքնիշխան տարածքները այլ պետությանը հանձնելուն, այլ նրան, որ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացիների մասնավոր սեփականություն ներխուժում են զինված խմբեր, ստիպում նրանց լքել իրենց տները, հնչեցնում կյանքի սպառնալիքներ և այլն: Ավելին՝ եթե անգամ հաղորդումը վերաբերեր տարածքները փաստացի այլ պետությանը հանձնելուն, նյութերի նախապատրաստման ընթացքում այդ հանգամանքը չէր կարող ստուգվել կամ համարվել անհրաժեշտ և բավարար չափով ճշգրտված պարզապես պաշտոնատար անձի՝ ԱԺ-ում ունեցած ելույթը մեջբերելով: Նույն դիրքորոշումը, կրկնելով քննիչի փաստարկը, ներկայացրել է նաև դատախազը, սակայն կրկին պարզ չէ՝ ինչ նպատակ է հետապնդում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքից կատարված ծավալուն մեջբերումը: Արդյո՞ք դատախազը պնդում է, որ այն տարածքները, որտեղ կատարվում են գործողությունները, ՀՀ տարածքից դուրս են, թե ոչ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Քննիչի դիրքորոշման հետ հաղորդման հատկանիշների վերաբերյալ, պարզվում է, համաձայնում է նաև դատախազը: Ի դեպ, դատախազ Յուզբաշյանն այժմ դատավոր է:

«Զինվորական դատախազության դատախազը ավելի «համարձակ» գտնվեց, բողոքը մերժելուց նշեց, որ ամենևին պատահական չեն այդ մեջբերումները, և այս դեպքերը կատարվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Թե այս փուլում, թե հետո դատարաններում նշել ենք, որ նույնիսկ, եթե ընդունենք այդ մոտեցումը, ապա միևնույն է, հանցանքը կատարվել է ՀՀ քաղաքացիների դեմ, հետևաբար՝ ենթակա է քննության ՀՀ իրավապահների կողմից»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Խնդրահարույց է այն, որ հանրային բարձր վտանգավորությամբ աչքի ընկնող և տարբերվող դեպքի վերաբերյալ հաղորդում ստանալուց հետո իրավապահ մարմինները չեն ձեռնարկում որևէ գործողություն, դատավարական որևէ քայլ չի ձեռնարկվում ենթադրյալ դեպքի վայրում, անգամ նյութերի նախապատրաստումը չի մակագրվում Սյունիքի մարզում գտնվող ստորաբաժանումներին, ընդհակառակը՝ քրեական գործի հարուցումը մերժվում է այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացվել հստակ տվյալներ։

«Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ առավել մանրամասն տվյալներ մեր կողմից տրամադրվել չէին կարող: Այդ թվում՝ ադրբեջանական համազգեստ կրող անձանց անունները, ազգանունները, անձնագրային տվյալները կամ անձնական, անհատականացնող այլ տվյալներ մեզ հասանելի լինել չէին կարող: Դրանց ճշգրտումը իրավապահ մարմինների պարտականությունն է»,- ասաց փաստաբան Խուդոյանը:

Այս մերժումը փաստաբանները վիճարկում են դատական կարգով: Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2021 թվականի մայիսի 20-ին բավարարում է Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի բողոքը իրենց ներկայացրած դիմումում առկա փաստերի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ: Դատախազությունը Վերաքննիչ դատարանում վիճարկում է Արմինե Մելիքսեթյանի վճիռը, սակայն Վերաքննիչը ևս հօգուտ փաստաբանների վճիռ է կայացնում: Դատախազությունը, սակայն, չի նահանջում և միայն այն բանի համար, որ ադրբեջանցիների արարքների վերաբերյալ քրեական գործ չհարուցի, ներկայացնում է նաև վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանը ս/թ. ապրիլի 6-ին մերժում է վարույթ ընդունել դատախազության բողոքը, ինչը նշանակում է, որ արդեն ստիպված, այլ ելք չունենալով, դատախազությունը հարուցում է քրեական գործը: Փաստաբաններն այդ մասին ծանուցում ստանում են ամռան սկզբին:

«Մեկ անգամ ևս փաստում ենք, որ այն դեպքում, երբ ադրբեջանական համազգեստ կրող զինված անձինք սպառնալիքներ են հնչեցնում ՀՀ քաղաքացիներին ՀՀ ինքնիշխան տարածքում, իրավապահ մարմինների արձագանքը պետք է լինի անհապաղ քայլեր ձեռնարկելը, և ոչ Քրեական օրենսգրքի՝ տարածքին վերաբերող կարգավորումների վերլուծությունը այն լույսի ներքո, որ այդ տարածքները ՀՀ ինքնիշխան մաս չեն հանդիսանում»,- պնդեց Հովհաննես Խուդոյանը:

Այն ընթացքում, երբ դատախազությունը բողոքարկում էր դատարանների որոշումները, ադրբեջանական ուժերը շարունակում էին առաջանալ ՀՀ տարածքում, սկզբից անցակետ տեղադրեցին Գորիս-Կապան ճանապարհին, հետո արդեն մեկը մյուսի հետևից, առանց ռազմական գործողությունների, վերցնում էին ստրատեգիական նշանակության տարածքներ:

«Ինձ համար հասկանալի է, թե ինչու էին իրավապահները ամեն կերպ խուսափում, թվում է, թե շատ պարզ քրեական գործի հարուցումից: Իրենք էլ լավ հասկանում էին, որ նորմալ քննության պարագայում ստիպված էին լինելու պատասխաններ գտնել, թե այդ ո՞վ է հրամայել զորքերը հետ քաշել շփման գծից, որ ադրբեջանցիները կարողացել են անարգել մտնել հայկական բնակավայրեր, ո՞ր պաշտոնատար անձինք էին պարտավոր ապահովել պաշտպանությունը, սակայն չեն կատարել, ինչի՞ հիման վրա են առհասարակ զորքերը հետ քաշվել նոյեմբերի 9-ի դրությամբ շփման գծից: Ես վստահ եմ, որ հետագա բոլոր տարածքային ու մարդկային կորուստների համար մեղքի իրենց բաժինն ունեն քննիչ Մհերյանը, դատախազներ Յուզբաշյանն ու Հակոբյանը, եթե ժամանակին իրենց աշխատանքը կատարեին ու բռնեին Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտող ձեռքերը, այլ ոչ թե մեջբերումներ կատարեին հակապետական ելույթներից, այսօր լրիվ այլ իրադրություն կարող էր լինել»,- եզրափակեց Հովհաննես Խուդոյանը:

Տեսանյութեր

Լրահոս