ՌԴ Կառավարության պաշտոնյաները Հայաստան են այցելել՝ ծանոթանալու ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացմանը

ՌԴ ֆինանսների փոխնախարար Տիմուր Իգորևիչ Մաքսիմովն ու Միջազգային ֆինանսների վարչության պետ Պավել Վալերևիչ Սնիսորենկոն, ինչպես նաև միջազգային զարգացման աջակցության բաժնի ղեկավար Դարյա Կիրիլլովան և բաժնի ղեկավարի տեղակալ Ալինա Կրասիլնիկովան Հայաստան են այցելել՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից բոլոր մարզերում ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրին, որն աստիճանաբար փոխանցվում է Հայաստանի Կառավարությանը: Այցին միացել է նաև ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ի նախագահ Վլադիմիր Չերնիգովը։

Այցի ընթացքում ռուսաստանյան պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը: Նա կիսվել է ծրագրի հաջող փորձով և ՀՀ Կառավարության, Ռուսաստանի Դաշնության և Պարենի համաշխարհային ծրագրի միջև արժեքավոր համագործակցության ազդեցության արդյունքներով:

Ինչպես տեղեկանում ենք ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից, այցի գլխավոր նպատակն էր՝ տեսնել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ապահովության, մարդկային ռեսուրսների և համայնքների զարգացմանը միտված երկարաժամկետ ֆինանսական աջակցության արդյունքները: Այցի ընթացքում նրանք նաև ծանոթացել են, թե ինչպես է «Դպրոցական սնունդ» ծրագիրը դարձել ներառական մոդել, որի շնորհիվ Հայաստանի 10 մարզերի 1-4-րդ դասարանցիները ձեռք են բերել մաքրության/հիգիենայի, բնապահպանության, առողջ սննդակարգի և առողջության հետ կապված հմտություններ ու գիտելիքներ:

Ռուսաստանյան պատվիրակությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ միասին այցելել է Չարենցավանի և Թեղուտի դպրոցներ:

Չարենցավանի դպրոցում ՊՀԾ-ն ցուցադրել է դպրոցական սննդի և խոհանոցային ենթակառուցվածքներում կատարված ներդրումները:

«Դպրոցական սնունդ» ծրագրի կայունությունն ապահովելու նպատակով՝ ՊՀԾ-ն ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» փորձագետների հետ մշակել է տրանսֆորմատիվ մոտեցում, որը թույլ է տալիս դպրոցներին միրգ և բանջարեղեն աճեցնել՝ միաժամանակ ընդլայնելով դպրոցների կարողությունները և ծրագրում ներդնելով ժամանակակից, մաքուր և բնապահպանական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ հիդրոպոնիկ և կաթիլային ոռոգման համակարգերը, հակակարկտային ցանցերն ու արևային կայանները:

Թեղուտի դպրոցում երկու կառավարությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան տեսնելու ծրագրի վերափոխումը և հասկանալու թե ինչպես են դպրոցական գյուղատնտեսության մեջ ներդրումները նպաստում երեխաների՝ առողջ սնվելու սովորություններին, ներգրավվում համայնքները՝ ուսումնական հարթակ դառնալով երեխաների և համայնքների անդամների համար, ինչպես նաև՝ ստեղծվում աշխատատեղեր, և վերջապես դպրոցների համար ծառայում է որպես լրացուցիչ եկամտի աղբյուր:

Պատվիրակությունը կայցելի «Կենաց Հաց» Ամբողջահատիկի Ակադեմիա ուսուցման և ռեսուրսային կենտրոն և մեկ հացի փուռ, որոնց ՊՀԾ-ն աջակցություն է տրամադրել «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրի շրջանակում, որտեղ Տավուշի և Լոռու մարզերի երեխաները իրենց ընդմիջման ժամանակ ամբողջահատիկ ցորենից պատրաստված հաց են ուտում։

Տեսանյութեր

Լրահոս