Հայաստանում գրիպի դեմ պատվաստվողների թիվն ավելանում է

Մոտենում է սուր շնչառական հիվանդությունների աշխուժացման սեզոնը. մասնագետների պնդմամբ՝ Հայաստանում ներկայում այս առումով իրավիճակը կայուն է։

Այս տարի նախորդ տարվա համեմատ գրիպի դեմ պատվաստման պահանջարկը մեծ է։ Պատվաստումն անվճար է։ Ցանկացողները թերապևտի կողմից համապատասխան բուժզննում անցնելուց հետո կարող են պատվաստվել։

ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքով՝ համավարակի տարիների ընթացքում գրիպի դեմ պատվաստումների պահանջարկը նվազել էր։ Մինչև համավարակը Հայաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստման պահանջարկը տարեցտարի ավելանում էր։ Այս տարի ևս նախորդ տարվա համեմատ գրիպի դեմ պատվաստման պահանջարկը մեծ է։ Յուրաքանչյուր տարի գրիպի դեմ պատվաստանյութի 170.000 դեղաչափ է ներկրվում:

«Այս պահի դրությամբ մենք ունենք մոտ 3000 պատվաստում։ Միայն Երևանում օրական 500-600 պատվաստում է իրականացվում։ Սա նշանակում է, որ մարդկանց կողմից պահանջարկը մեծ է և, եթե այս տեմպերով գնանք, մեր նպատակին հասած կլինենք»,- նշեց Սահակյանը։

Հայաստանում առողջապահության նախարարության կողմից սահմանվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ռիսկային խմբեր. դրանք են հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք, քրոնիկ հիվանդություն ունեցողները, բուժաշխատողները, փակ կազմակերպություններում գտնվող անձինք։

«Մեր հիմնական նպատակն է պատվաստել ռիսկի խմբերին, որովհետև նրանք ավելի խոցելի են սեզոնային գրիպի վիրուսի առումով։ Նպատակ ունենք նաև առողջապահական բեռը նվազեցնել։ Բացի դրանից, մեր քաղաքացիների առողջությանն ենք հետևում ծանր դեպքերից խուսափելու համար»,- ասաց մասնագետը։Թե՛ գրիպի, թե՛ կորոնավիրուսի դեմ պատվաստումները կա

րող են իրականացվել միաժամանակ: Գրիպի դեմ պատվաստվել ցանկացող քաղաքացիները կարող են այցելել ցանկացած պոլիկլինիկա կամ շարժական կետ:

Տեսանյութեր

Լրահոս