Ցնցումներ չեն սպասվում. Երևանում կձևավորվի երկու նոր դատարան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն կգործի երկու նոր դատարան՝ Երևան քաղաքի քրեական և քաղաքացիական դատարանները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ նման նախաձեռնությունը պայմանավորված է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությամբ:
«Դատարանների ծանրաբեռնվածության մասին վկայում է տարեցտարի աճող դատական գործերի թիվը: Դատարաններում անձանց դատական իրավունքի պաշտպանությունը սովորաբար չի իրականացվում այն ժամկետներում, որոնք քաղաքացիներն ակնկալում են: Այստեղ ունենք ողջամիտ ժամկետի պահպանման խնդիր»,-ասաց Տիգրան Դադունցը:
Ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ Տիգրան Դադունցը նշեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացված գործերի թիվը նկատելի ավելացել է: 2019 թվականին գրանցվել է 34 հազար գործ, 2020-ին՝ 44 հազար, 2022 թվականի այս պահի դրությամբ` 44 հազար: Աճի միտումը պահպանվում է: Մարզերի դատարանների համեմատ՝ Երևանում 4-10 անգամ ավելի շատ գործեր են ստացվում: Օրինակ, 2021 թվականին Երևանում ստացվել է 44 հազար հազար գործ, Արմավիրում՝ 11 հազար, Արարատում՝ 15 հազար, Սյունիքում՝ 4 600 և այլն:
«Կան գործեր, որոնց ընթացքն օբյեկտիվորեն կարող է ավելի երկար տևել: Միևնույն ժամանակ, կան գործեր, օրինակ՝ գումարի բռնագանձման պահանջներով գործերը, պետք է քննվեն 3 ամսում: Գործնականում այդ ժամկետը հնարավոր չի լինում պահպանել նույն ծանրաբեռնվածության պատճառով»,-ասաց Տիգրան Դադունցը:
Նման փոքր գործերը դատական համակարգում 80 տոկոս են կազմում: Ստացվում է մի իրավիճակ, որ նման փոքր գործերն ազդում են ավելի բարդ, ավելի շատ մասնագիտական աշխատանք պահանջող գործերի վրա: Գործերի ժամկետների խնդիրը լուծելու նպատակով, դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելուց բացի, նախագծով նախատեսվում է դատարանի նախագահին վերապահել գործերի քննության ժամկետների պահպանմանը հետևելու լիազորություն:
Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի քաղաքացիական գործերով դատարանը կգործի առնվազն 35 դատավորի թվակազմով, իսկ քրեականը՝ 30: Նախագիծն անցել է հանրային քննարկման փուլ, ներկայում լրամշակվում է: Առաջիկայում այն կներկայացվի Կառավարություն, որից հետո՝ խորհրդարան: Տիգրան Դադունցը տեղեկացրեց, որ գործնականում երկու դատարաններ ունենալու գործընթացը ցնցումներ չի ենթադրում: Խորհրդարանում ընդունվելուց հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում բոլոր տեխնիկական հարցերը կկարգավորվեն: