«Պաշտոնական տեղեկատվությունը կամ դեզինֆորմացիա է, կամ թշնամական օրակարգ է սպասարկում». Սաթիկ Սեյրանյան
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի կարծիքով՝ հասարակությունը դեռ չի պատկերացնում ներքին ու արտաքին մարտահրավերների սրությունը, սպասվող աղետի մասշտաբները՝ հատկապես իշխանությունների թմրեցնող հայտարարությունների, գեներացվող կեղծ օրակարգերի համատեքստում:
«Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով այս իրողություններին՝ ՀԺՄ նախագահը շեշտեց՝ այս իմաստով անելիք կա. «Մարդիկ դեռ շոշափելիորեն չեն զգում. յուրաքանչյուր քաղաքացի ունի իր հոգսերը, խնդիրները. կյանքն ավելի դժվարացել է, իր վախերը, և երբ դեզինֆորմացիան շատ է, պաշտոնական տեղեկատվությունը և՛ շեղող, և՛ թշնամական օրակարգ սպասարկող ինֆորմացիա է, մարդը մոլորվում է այդ ինֆորմացիոն հոսքերի մեջ:
Կարծում եմ՝ պետք է նույնիսկ ձևավորել խմբեր, որոնք կգնան մարդկանց մոտ բացատրելու շատ պարզ օրինակներով, որպեսզի նրանք իսկապես աղետի ծավալը, կործանարար հետևանքները հասկանան»:
Սաթիկ Սեյրանյանը հավելեց՝ միայն խոսելն այլևս համարժեք չէ ստեղծված իրավիճակին:
«Որքան մենք խոսում ենք, այդ ընթացքում և՛արտաքին, և՛ ներքին թշնամին կամ նրանց շահերը սպասարկողներն իրենց գործն անում են՝ Օվերտոնի նոր պատուհաններ բացելով: Եվ ստացվելու է, որ մենք անընդհատ զբաղված ենք նրանց ստերը բացահայտելով: Բայց մենք այդպիսով տեղում դոփում ենք, առաջ չենք գնում. պետք է մտածել՝ ինչ անել՝ ձերբազատվել այդ ամեն ինչից, ֆիքսել մեր շահը, օրակարգը և այդ օրակարգի շուրջ միավորվել, որովհետև վտանգները լրջագույն են:
Այս քաոտիկ աշխարհում, երբ մենք զրո սուբյեկտայնություն ունենք, որևէ մեկն այլևս մեր կարծիքը՝ որպես պետություն, չի հարցնում, մկրատով ձևում են մեր երկիրը, և ինչպես մասնագետներն են ասում՝ կա էթնիկ զտումների, տեղահանումների, Ցեղասպանության վտանգ, մենք ինչի՞ մասին ենք խոսում. նստած սկսում ենք ստի փուչիկները պայթեցնել, բայցև այդպիսով մնում ենք նույն տեղում»,- պարզաբանեց ՀԺՄ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում