Իրաքի իշխանությունները նոր միջազգային օդանավակայան են բացել
Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուկ քաղաքում տեղի է ունեցել նոր միջազգային օդանավակայանի հանդիսավոր բացումը, հայտնել է Kurdistan24 տեղեկատվական պորտալը։
Առաջին ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել օդանավակայանի թռիչքուղու վրա, կառավարական ինքնաթիռ է, որով Քիրքուկ են ժամանել Իրաքի տրանսպորտի նախարար Նասեր աշ Շիբլին և երկրի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Հայամ Նիմաթը:
«Քիրքուկի միջազգային օդանավակայանը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին և պահանջներին և պատրաստ է ընդունել ցանկացած չվերթ»,- մեջբերում է պորտալը Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչության հաղորդագրությունը:
Քիրքուկի օդանավակայանը կառուցվել է անցյալ դարի 70-ական թվականներին, սակայն օգտագործվել է որպես իրաքյան ռազմական ավիաբազա։